ՉԻՆԱԿԱՆ ՍԻՆՅԶՅԱՆ ՇՐՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԵՏ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ<br />


ՉԻՆԱԿԱՆ ՍԻՆՅԶՅԱՆ ՇՐՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԵՏ ՏՆՏԵՍՈՒԹԵԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

  • 13-11-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նոյեմբերի 13-ին ՉԺՀ-ի Սինցզյանի ինքնավար շրջանի պատուիրակութեան հետ հանդիպմանը քննարկել է համագործակցութեան հնարաւոր ուղղութիւնները` կարեւորելով ՉԺՀ-ի հետ սոցիալ-տնտեսական, մշակոյթային եւ այլ ոլորտներում կապերի սերտացումն ու երկու երկրների միջեւ գործակցութիւնը նոր նախաձեռնություններով ընդլայնելը: Տ.Սարգսեանը նշել է, թէ յատկապէս համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում արդիւնաւէտ համագործակցութիւնը թոյլ կտայ աւելի հեշտութեամբ յաղթահարել դժուարութիւնները: Ըստ ՀՀ կառավարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան հաղորդագրութեան, Սինցզյանի շրջանի քաղաքական ժողովրդական խորհրդակցական խորհրդի համաչինական կոմիտէի նախագահ Այսխայջի Քրեմուբայի գլխաւորութեամբ Հայաստան ժամանած չինական պատուիրակութեան կազմում են շրջանի կառավարութեան նախագահի տեղակալ Խու Վեյը, կառավարութեան այլ պաշտոնեաներ եւ գործարարներ: Նրանք Հայաստան են ժամանել փոխադարձ հետաքրքրութիւն ներկայացնող ոլորտներում համագործակցութիւն սկսելու նպատակով: Շուրջ 21 մլն բնակչութիւն ունեցող Սինցզյանի շրջանի պատուիրակութեան ղեկավարը նշել է, որ իրենք հետաքրքրուած են Հայաստանի հետ շինանիւթերի արտադրութեան, էներգետիկայի, արդիւնաբերութեան, գիւղատնտեսութեան եւ այլ ոլորտներում համագործակցութիւն ծաւալելու: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից, նա Հայաստանի ներկայացուցիչներին հրաւիրել է մասնակցել Սինցզյանի ամենամեայ խոշոր տոնավաճառին, որտեղ կարելի է բազմաթիւ փոխշահավետ ծրագրեր քննարկել, կապեր հաստատել եւ սկիզբ դնել նոր համագործակցութեան: Տ.Սարգսեանը շնորհակալութիւն է յայտնել հրաւէրի համար եւ վստահեցրել, որ հայկական կողմից անպատճառ պատուիրակութիւն կմեկնի տոնավաճառին մասնակցելու: ՀՀ վարչապետի եւ ՉԺՀ-ի պատուիրակութեան հանդիպմանը ներկայ են եղել նաեւ «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան նախագահ, ԱԺ պատգամաւոր Գագիկ Ծառուկյանը, համապատասխան ոլորտների նախարարներ: Նախարարներին առաջարկուել է պատուիրակութեան անդամների հետ հանդիպումից յետոյ աւելի առարկայական քննարկել փոխգործակցութեան հնարաւորութիւնները:
  -   Տնտեսութիւն