ՉԻՆԱԿԱՆ ՍԻՆՅԶՅԱՆ ՇՐՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ<br /> ՀԵՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ<br />


ՉԻՆԱԿԱՆ ՍԻՆՅԶՅԱՆ ՇՐՋԱՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԵՏ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

  • 13-11-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 13-ին ՉԺՀ-ի Սինցզյանի ինքնավար շրջանի պատվիրակության հետ հանդիպմանը քննարկել է համագործակցության հնարավոր ուղղությունները` կարեւորելով ՉԺՀ-ի հետ սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտներում կապերի սերտացումն ու երկու երկրների միջեւ գործակցությունը նոր նախաձեռնություններով ընդլայնելը: Տ.Սարգսյանը նշել է, թե հատկապես համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում արդյունավետ համագործակցությունը թույլ կտա ավելի հեշտությամբ հաղթահարել դժվարությունները: Ըստ ՀՀ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, Սինցզյանի շրջանի քաղաքական ժողովրդական խորհրդակցական խորհրդի համաչինական կոմիտեի նախագահ Այսխայջի Քրեմուբայի գլխավորությամբ Հայաստան ժամանած չինական պատվիրակության կազմում են շրջանի կառավարության նախագահի տեղակալ Խու Վեյը, կառավարության այլ պաշտոնյաներ եւ գործարարներ: Նրանք Հայաստան են ժամանել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցություն սկսելու նպատակով: Շուրջ 21 մլն բնակչություն ունեցող Սինցզյանի շրջանի պատվիրակության ղեկավարը նշել է, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի հետ շինանյութերի արտադրության, էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում համագործակցություն ծավալելու: Օգտվելով հանդիպման պատեհ առիթից, նա Հայաստանի ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցել Սինցզյանի ամենամյա խոշոր տոնավաճառին, որտեղ կարելի է բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր քննարկել, կապեր հաստատել եւ սկիզբ դնել նոր համագործակցության: Տ.Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ վստահեցրել, որ հայկական կողմից անպատճառ պատվիրակություն կմեկնի տոնավաճառին մասնակցելու: ՀՀ վարչապետի եւ ՉԺՀ-ի պատվիրակության հանդիպմանը ներկա են եղել նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը, համապատասխան ոլորտների նախարարներ: Նախարարներին առաջարկվել է պատվիրակության անդամների հետ հանդիպումից հետո ավելի առարկայական քննարկել փոխգործակցության հնարավորությունները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play