ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԲԱՐԵԼԱՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ<br /> ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԵՆ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ<br />


ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆԸ ԲԱՐԵԼԱՒԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ
ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՈՒԵՆ ՀԱՆՐՈՒԹԵԱՆԸ

  • 29-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գործարարները միշտ պէտք է յիշեն, որ պետութիւնը նրանց հետ նոյն կողմում է, այլ ոչ թէ միւս կողմում: Այսպիսի յայտարարութեամբ հանդէս եկաւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը Հայաստանի խոշոր գործարարների հետ մայիսի 29-ի հանդիպմանը: Նրա խօսքերով, չպէտք է մոռանալ, որ պետութեան եւ մասնաւոր հատուածի շահը համընկնում է, եւ այդ շահը արագ զարգացող բիզնեսն է: Ըստ նախագահի, պետութիւնը եւ գործարարները նախեւառաջ փոխադարձ վստահութիւնն ամրապնդելու խնդիր ունեն, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչի հետ հանդիպելիս գործարարները տհաճություն չեն ունենայ: «Մենք վերաբերմունքի փոփոխութեան խնդիր ունենք»,- ասաց Ս.Սարգսեանը: Նա պարզաբանեց, որ գործարարի հետ շփուող իւրաքանչիւր պետական ծառայող պէտք է իմանա, որ իր գործը ծառայութիւն մատուցելն է, իսկ գործարարն իր հերթին պէտք է հարկային ծառայութեանը վերաբերուի ոչ թէ որպէս վնասողի կամ ստուգողի, այլ որպէս մարմնի, որն իր բնականոն գործն է կատարում: Նախագահը շեշտեց, որ բոլոր գործարարները «պէտք է աշխատեն հարկային դաշտում»: Պետութեանը խաբելու դէպքերը, որոնք, նրա խօսքերով, այսօր բազմաթիւ են, պէտք է բացառուեն: Ս.Սարգսեանը յաւելեց, որ ՀՀ դատախազութիւնը, ոստիկանութիւնը եւ Ազգային անվտանգութեան ծառայութիւնը չպէտք է մտահոգվեն փոքրիկ ընկերութիւնների` հարկերի վճարումից խուսափելու դեպքերով, եթէ, իհարկէ, դրանք պարբերական բնոյթ չեն կրում: Հանդիպմանը ներկայ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ կառավարութեան հայեցակարգը հետեւեալն է` «դէմքով դէպի հարկային վճարումներ»: Նա յիշեցրեց, որ կառավարութիւնը հարկային քաղաքականութիւնը բարելաւելու համար մշակել է համալիր միջոցառումների ծրագիր: Այն, ինչպէս շեշտեց վարչապետը, բաղկացած է 7 հիմնական կէտից: Առաջինը վերաբերում է խոշոր բիզնեսի ճիշտ եւ ժամանակին կատարւող հարկմանը, երկրորդը` փոքր ձեռներեցների նկատմամբ «փափուկ» հարկային քաղաքականութեանը, երրորդը` հարկային ծառայութիւնում կոռուպցիայի յաղթահարմանը: Ծրագրի չորրորդ կէտը սահմանում է, որ գործարարի եւ հարկային մարմնի անձնական շփումը պէտք է բացառել: Հինգերորդ կէտը վերաբերում է հարկային ստուգումների իրականացմանը, վեցերորդը` հարկային փաստաթղթերը ձեւակերպելիս գործարարներին օգնող կենտրոնների ստեղծմանը: Ծրագրի եօթերորդ կէտը նախատեսում է, որ պէտք է պարբերաբար կազմվեն հարկերից խուսափողների ցուցակները, որոնք պէտք է ներկայացուեն հանրութեանը:
  -   Տնտեսութիւն