ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ<br /> ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ<br /> ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ<br />


ՀԱՐԿԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵԼԱՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՆՈՐ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՀԱՐԿԵՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ
ԿՆԵՐԿԱՅԱՑՎԵՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ

  • 29-05-2008 23:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի գործարարները միշտ պետք է հիշեն, որ պետությունը նրանց հետ նույն կողմում է, այլ ոչ թե մյուս կողմում: Այսպիսի հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի խոշոր գործարարների հետ մայիսի 29-ի հանդիպմանը: Նրա խոսքերով, չպետք է մոռանալ, որ պետության եւ մասնավոր հատվածի շահը համընկնում է, եւ այդ շահը արագ զարգացող բիզնեսն է: Ըստ նախագահի, պետությունը եւ գործարարները նախեւառաջ փոխադարձ վստահությունն ամրապնդելու խնդիր ունեն, սակայն դա չի նշանակում, որ հարկային տեսուչի հետ հանդիպելիս գործարարները տհաճություն չեն ունենա: «Մենք վերաբերմունքի փոփոխության խնդիր ունենք»,- ասաց Ս.Սարգսյանը: Նա պարզաբանեց, որ գործարարի հետ շփվող յուրաքանչյուր պետական ծառայող պետք է իմանա, որ իր գործը ծառայություն մատուցելն է, իսկ գործարարն իր հերթին պետք է հարկային ծառայությանը վերաբերվի ոչ թե որպես վնասողի կամ ստուգողի, այլ որպես մարմնի, որն իր բնականոն գործն է կատարում: Նախագահը շեշտեց, որ բոլոր գործարարները «պետք է աշխատեն հարկային դաշտում»: Պետությանը խաբելու դեպքերը, որոնք, նրա խոսքերով, այսօր բազմաթիվ են, պետք է բացառվեն: Ս.Սարգսյանը հավելեց, որ ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը չպետք է մտահոգվեն փոքրիկ ընկերությունների` հարկերի վճարումից խուսափելու դեպքերով, եթե, իհարկե, դրանք պարբերական բնույթ չեն կրում: Հանդիպմանը ներկա ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ կառավարության հայեցակարգը հետեւյալն է` «դեմքով դեպի հարկային վճարումներ»: Նա հիշեցրեց, որ կառավարությունը հարկային քաղաքականությունը բարելավելու համար մշակել է համալիր միջոցառումների ծրագիր: Այն, ինչպես շեշտեց վարչապետը, բաղկացած է 7 հիմնական կետից: Առաջինը վերաբերում է խոշոր բիզնեսի ճիշտ եւ ժամանակին կատարվող հարկմանը, երկրորդը` փոքր ձեռներեցների նկատմամբ «փափուկ» հարկային քաղաքականությանը, երրորդը` հարկային ծառայությունում կոռուպցիայի հաղթահարմանը: Ծրագրի չորրորդ կետը սահմանում է, որ գործարարի եւ հարկային մարմնի անձնական շփումը պետք է բացառել: Հինգերորդ կետը վերաբերում է հարկային ստուգումների իրականացմանը, վեցերորդը` հարկային փաստաթղթերը ձեւակերպելիս գործարարներին օգնող կենտրոնների ստեղծմանը: Ծրագրի յոթերորդ կետը նախատեսում է, որ պետք է պարբերաբար կազմվեն հարկերից խուսափողների ցուցակները, որոնք պետք է ներկայացվեն հանրությանը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play