ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2007 Թ.-ԻՆ ԹԵԹԵՎ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ<br /> ԾԱՒԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՄՕՏ 15%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2007 Թ.-ԻՆ ԹԵԹԵՎ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԾԱՒԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՄՕՏ 15%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է

  • 30-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան կողմից 2007թ.-ին մոնիտորինգի ենթարկված թեթեւ արդիւնաբերութեան 32 ընկերութիւնները 2006թ.-ի 9,5 մլրդ դրամի դիմաց անցած տարի թողարկել են 8,1 մլրդ դրամի (աւելի քան 3,2 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք կամ 15%-ով պակաս: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց նախարարութեան Ճիւղային եւ տարածքային տնտեսական զարգացման վարչութեան Տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ Արմէն Եգանեանը, դա հիմնականում պայմանաւորուած է այն հանգամանքով, որ ճիւղը հիմնականում աշխատում է «ժամանակաւոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով եւ արտադրութեան ծաւալները կախուած են արտաքին պատուէրներից: Նա նշեց, որ 2007թ.-ին այդ ձեռնարկութիւնների արտադրանքի իրացումը կազմել է 8,2 մլրդ դրամ (2006թ.-ին` 9,3 մլրդ դրամ), իսկ արտահանումը` 5,9 մլրդ դրամ (2006թ.-ին` 7,3 մլրդ դրամ): Ըստ Ա.Եգանեանի, թեթեւ արդիւնաբերութեան ճիւղի բնականոն աշխատանքն ապահովում է «Հայաս գրուպ» կարի ֆաբրիկայի, «Արշալոյս» ԲԲԸ-ի, կօշիկի «Լիւքս» ֆաբրիկայի եւ մի շարք այլ խոշոր ձեռնարկութիւնների շնորհիւ: Ըստ նրա, տեղական արտադրանքը հիմնականում մրցունակ է միջազգային շուկայում, եւ նախարարութեան քաղաքականութեան ուղղութիւններից մէկն է նպաստել արտահանման ծաւալների աճին: Ա.Եգանեանը յայտնեց նաեւ, որ նախարարութեան կողմից մշակուած ձեռագործ գորգագործությանն աջակցելու եռամյա պետական ծրագրի նախագծով, մասնաւորապէս, նախատեսւում է գործող ձեռնարկութիւններին տրամադրել ֆինանսական աջակցութիւն, օժանդակել արտադրանքի արտահանմանը, կազմակերպել գովազդը եւ ցուցահանդեսներ: Ա.Եգանեանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ձեռագործ գորգագործութեան զարգացման տեմպերը, նպաստել այս ոլորտում արտասահմանցի ձեռներեցների ներդրումներին: Նշուեց նաեւ, որ հանրապետութիւնում ներկայումս գործում է ձեռագործ գորգագործութեան մօտ 10 ձեռնարկութիւն:
  -   Տնտեսութիւն