ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2007 Թ.-ԻՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ<br /> ԾԱՎԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՄՈՏ 15%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է<br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2007 Թ.-ԻՆ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԾԱՎԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՎԱ ՀԱՄԵՄԱՏ ՄՈՏ 15%-ՈՎ ՆՎԱԶԵԼ Է

  • 30-04-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից 2007թ.-ին մոնիտորինգի ենթարկված թեթեւ արդյունաբերության 32 ընկերությունները 2006թ.-ի 9,5 մլրդ դրամի դիմաց անցած տարի թողարկել են 8,1 մլրդ դրամի (ավելի քան 3,2 մլն ԱՄՆ դոլար) արտադրանք կամ 15%-ով պակաս: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց նախարարության Ճյուղային եւ տարածքային տնտեսական զարգացման վարչության Տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ Արմեն Եգանյանը, դա հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ճյուղը հիմնականում աշխատում է «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով եւ արտադրության ծավալները կախված են արտաքին պատվերներից: Նա նշեց, որ 2007թ.-ին այդ ձեռնարկությունների արտադրանքի իրացումը կազմել է 8,2 մլրդ դրամ (2006թ.-ին` 9,3 մլրդ դրամ), իսկ արտահանումը` 5,9 մլրդ դրամ (2006թ.-ին` 7,3 մլրդ դրամ): Ըստ Ա.Եգանյանի, թեթեւ արդյունաբերության ճյուղի բնականոն աշխատանքն ապահովվում է «Հայաս գրուպ» կարի ֆաբրիկայի, «Արշալույս» ԲԲԸ-ի, կոշիկի «Լյուքս» ֆաբրիկայի եւ մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների շնորհիվ: Ըստ նրա, տեղական արտադրանքը հիմնականում մրցունակ է միջազգային շուկայում, եւ նախարարության քաղաքականության ուղղություններից մեկն է նպաստել արտահանման ծավալների աճին: Ա.Եգանյանը հայտնեց նաեւ, որ նախարարության կողմից մշակված ձեռագործ գորգագործությանն աջակցելու եռամյա պետական ծրագրի նախագծով, մասնավորապես, նախատեսվում է գործող ձեռնարկություններին տրամադրել ֆինանսական աջակցություն, օժանդակել արտադրանքի արտահանմանը, կազմակերպել գովազդը եւ ցուցահանդեսներ: Ա.Եգանյանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ձեռագործ գորգագործության զարգացման տեմպերը, նպաստել այս ոլորտում արտասահմանցի ձեռներեցների ներդրումներին: Նշվեց նաեւ, որ հանրապետությունում ներկայումս գործում է ձեռագործ գորգագործության մոտ 10 ձեռնարկություն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play