ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2007 Թ.-ԻՆ ԹԵԹԵՎ ԱՐԴԻՒՆԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ
ԾԱՒԱԼԸ ՆԱԽՈՐԴ ՏԱՐՈՒԱՅ ՀԱՄԵՄԱՏ ՄՕՏ 15%-ՈՎ ՆՈՒԱԶԵԼ Է
30-04-2008 20:00:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Էկոնոմիկայի
նախարարութեան կողմից 2007թ.-ին մոնիտորինգի ենթարկված թեթեւ
արդիւնաբերութեան 32 ընկերութիւնները 2006թ.-ի 9,5 մլրդ դրամի
դիմաց անցած տարի թողարկել են 8,1 մլրդ դրամի (աւելի քան 3,2 մլն
ԱՄՆ դոլար) արտադրանք կամ 15%-ով պակաս: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի
թղթակցին յայտնեց նախարարութեան Ճիւղային եւ տարածքային տնտեսական
զարգացման վարչութեան Տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ
Արմէն Եգանեանը, դա հիմնականում պայմանաւորուած է այն հանգամանքով,
որ ճիւղը հիմնականում աշխատում է «ժամանակաւոր ներմուծում
վերամշակման համար» մաքսային ռեժիմով եւ արտադրութեան ծաւալները
կախուած են արտաքին պատուէրներից: Նա նշեց, որ 2007թ.-ին այդ
ձեռնարկութիւնների արտադրանքի իրացումը կազմել է 8,2 մլրդ դրամ
(2006թ.-ին` 9,3 մլրդ դրամ), իսկ արտահանումը` 5,9 մլրդ դրամ
(2006թ.-ին` 7,3 մլրդ դրամ):
Ըստ Ա.Եգանեանի, թեթեւ արդիւնաբերութեան ճիւղի բնականոն
աշխատանքն ապահովում է «Հայաս գրուպ» կարի ֆաբրիկայի, «Արշալոյս»
ԲԲԸ-ի, կօշիկի «Լիւքս» ֆաբրիկայի եւ մի շարք այլ խոշոր
ձեռնարկութիւնների շնորհիւ: Ըստ նրա, տեղական արտադրանքը
հիմնականում մրցունակ է միջազգային շուկայում, եւ նախարարութեան
քաղաքականութեան ուղղութիւններից մէկն է նպաստել արտահանման
ծաւալների աճին:
Ա.Եգանեանը յայտնեց նաեւ, որ նախարարութեան կողմից մշակուած
ձեռագործ գորգագործությանն աջակցելու եռամյա պետական ծրագրի
նախագծով, մասնաւորապէս, նախատեսւում է գործող ձեռնարկութիւններին
տրամադրել ֆինանսական աջակցութիւն, օժանդակել արտադրանքի
արտահանմանը, կազմակերպել գովազդը եւ ցուցահանդեսներ:
Ա.Եգանեանը նշեց, որ անհրաժեշտ է պահպանել ձեռագործ
գորգագործութեան զարգացման տեմպերը, նպաստել այս ոլորտում
արտասահմանցի ձեռներեցների ներդրումներին: Նշուեց նաեւ, որ
հանրապետութիւնում ներկայումս գործում է ձեռագործ գորգագործութեան
մօտ 10 ձեռնարկութիւն: