ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՏԱՐԵԼ<br /> ՌԱԴԻԿԱԼ ՔԱՅԼԵՐ,- ԳՏՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ <br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՏԱՐԵԼ
ՌԱԴԻԿԱԼ ՔԱՅԼԵՐ,- ԳՏՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

  • 17-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 17 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը մարդկային կապիտալի մի շարք ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է «բաւականին ստորին հորիզոնականներ», այս ոլորտում անհրաժեշտ է կատարել ռադիկալ քայլեր,- Տնտեսական լրագրողների ընկերակցութեան յուլիսի 16-ի կազմակերպած «կլոր սեղանի» ընթացքում նշեց «Ռադվան տեխնոլոգիաներ» ընկերութեան փորձագէտ Դավիթ Յախւերդեանը: Ըստ նրա, այդ մասին է վկայում մի շարք կարեւոր ցուցանիշներով Հայաստանի զբաղեցրած տեղը. մասնաւորապէս, կառավարութեան համար տեղեկատուական տեխնոլոգիաների գերակայութեան հարցով Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը, գիտահետազօտական ոլորտին կառավարութեան սուբսիդիավորման հարցով` 58-րդ տեղը, աշխատողների վերապատրաստման աստիճանի հարցով` 89-րդ տեղը, ընկերութիւնների գիտահետազօտական ծախսերի մասով` 90-րդ տեղը, բուհ-տնտեսութիւն տնտեսական համագործակցութեան հարցով` 82-րդ տեղը: Համաշխարհային տնտեսական ֆորումի տուեալներով, Հայաստանում 1 մլն մարդու հաշւով հետազօտողների թիւը կազմում է 1605, այն դէպքում, երբ, օրինակ, Թայվանում այն կազմում է 3188, վերապատրաստուած բարձր որակաւորում ունեցող մասնագէտների թիւը ընդհանուրի մէջ կազմում է ընդամէնը 16,5 տոկոս, հետոզոտությունների եւ մշակումների վրայ կատարուված ծախսերը ՀՆԱ-ում 0,25 տոկոս են կազմում: Թայվանում այդ ծախսերը կազմում են 4,3 տոկոս, իսկ 1960-90թթ. մօտ 100 հազար թայվանցիներ վերապատրաստվել են ԱՄՆ-ում եւ բոլորը` չնչին բացառութիւններով վերադարձել են իրենց հայրենիք: Դ.Յախւերդեանը նշեց, որ Հայաստանում տեղեկատուական տեխնոլոգիաների արտադրութեան ծաւալը կազմում է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, որից 60 մլն. ԱՄՆ դոլարի արտադրանքը արտահանւում է, ոլորտում ընդգրկուած է մօտ 5000 մասնագէտ` զբաղվածների մօտ 0,6 տոկոսը, ոլորտում արտադրւում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Փորձագետը յիշեցրեց, որ Հայաստանի գլխաւոր մրցակցային առաւելութիւններից մէկը ճանաչուել է մարդկային ներուժը, մասնաւորապէս, այսպիսի եզրահանգման է եկել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերը, որը 2004թ. կատարել է Հայաստանի մրցակցային առաւելութիւնների վերլուծութիւն: Սակայն աշխատուժը մրցակցային առաւելութիւն դարձնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել մարդկային կապիտալում,- նշեց փորձագետը: Նա ընդգծեց, որ պէտք չէ ամէն ինչը բարդել պետութեան վրայ, որովհետեւ ինովացիոն կապիտալը եւ մարդկային կապիտալում ներդրումները առաւել շատ բիզնես միջավայրի ներկայացուցիչները պէտք է անեն, իսկ պետութիւնը պէտք է ֆինանսաւորի առաւել ռիսկային եւ ստրատեգիական նշանակութեան նախագծերը: Նա ամենակարեւոր քայլերից մէկը համարում է գիւտարարների եւ բիզնես շրջանակների միջեւ համագործակցութեան զարգացումը, այդ բացի մասին է վկայում այն, որ 2007թ. Միգրացիոն գործակալութեան հաշուետւութեան համաձայն, Հայաստանում գրանցուել է 882 գիւտ, սակայն որեւէ ինֆորմացիա չկայ, թէ դրանցից քանիսն է ապրանք դարձել, մտել բիզնես միջավայր: Փորձագետը կարեւորեց նաեւ բուհ-ձեռնարկատէրեր կապի ստեղծումը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանն իր հերթին նշեց, որ կառավարութիւնը արդէն իսկ սկսել է իրականացնել ներդրումային եւ գործարար միջավայրի բարելաւման իր ծրագրերը, հաստատուել է միջոցառումների ցանկը եւ ժամանակացոյցը` ուղղուած բոլոր ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հայաստանում բիզնես սկսելու գործընթացը հեշտացնելուն: «Հայաստանը բիզնեսով զբաղուելու տեսանկիւնից աշխարհում պէտք է լինի աշխարհի լաւագոյն երկրների 10 տոկոսի մէջ»,- այսպիսի նպատակ է դրել կառավարութիւնը: «Կառավարութիւնը պատրաստ է մինչեւ 1 տոկոս ծախսել ներդրումների վրայ, եթէ մենք կարողանանք մասնաւոր հատուածի կողմից եւս ներգրաւել 1-2 տոկոս»,- ասաց կառավարութեան ներկայացուցիչը: «Կլոր սեղանի» ընթացքում «Ռադվան տեխնոլոգիա» ընկերութեան նախագահ Ռադիկ Վանունցը յայտնեց, որ ընկերութիւնը նախաձեռնել է Հայաստանում առաջին փորձերից մէկը` ներդրում է կատարում մարդկային կապիտալի ոլորտում: Յայտարարուած է ներդրումային նախագծերի մրցոյթ, որը պէտք է անցկացուի սեպտեմբերի 25-30-ը, մրցոյթը նպատակ ունի բացայայտել ներդրումային նախագծերի մշակման բնագաւառում առկայ մասնագիտական ներուժը: Լաւագոյն երեք ներդրումային նախագծերի հեղինակները համապատասխանաբար 1,5 մլն, 800 եւ 600 հազար դրամ պարգեւավճար կստանան, պարգեւավճարները կտրուեն ընկերութեան հետ աշխատանքային պայմանագրերը կնքելուց յետոյ: 2004թ. ստեղծուած «Ռադվան տեխնոլոգիա» ընկերութեան կողմից վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների բնագաւառում կատարած հետազօտութիւնները հնարաւոր են դարձրել նրանց կիրառումը արտադրութեան մէջ, մասնաւորապէս, ռազմական նշանակութեան վարժասարքերի ոլորտում: Ընկերութիւնը զբաղւում է փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ վերակառուցման հարցերով: Ընկերութեան կողմից հիմնադրուել է նաեւ բիզնեսի կառավարման ոլորտի կադրերի վերապատրաստմանն ուղղուած «Աղանբեկեանի անուան կորպորատիվ կառավարման բարձրագոյն դպրոցը»:
  -   Տնտեսութիւն