ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՏԱՐԵԼ<br /> ՌԱԴԻԿԱԼ ՔԱՅԼԵՐ,- ԳՏՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ <br />


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԿԱՏԱՐԵԼ
ՌԱԴԻԿԱԼ ՔԱՅԼԵՐ,- ԳՏՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

  • 17-07-2008 20:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը մարդկային կապիտալի մի շարք ցուցանիշներով աշխարհում զբաղեցնում է «բավականին ստորին հորիզոնականներ», այս ոլորտում անհրաժեշտ է կատարել ռադիկալ քայլեր,- Տնտեսական լրագրողների ընկերակցության հուլիսի 16-ի կազմակերպած «կլոր սեղանի» ընթացքում նշեց «Ռադվան տեխնոլոգիաներ» ընկերության փորձագետ Դավիթ Հախվերդյանը: Ըստ նրա, այդ մասին է վկայում մի շարք կարեւոր ցուցանիշներով Հայաստանի զբաղեցրած տեղը. մասնավորապես, կառավարության համար տեղեկատվական տեխնոլոգիաների գերակայության հարցով Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը, գիտահետազոտական ոլորտին կառավարության սուբսիդիավորման հարցով` 58-րդ տեղը, աշխատողների վերապատրաստման աստիճանի հարցով` 89-րդ տեղը, ընկերությունների գիտահետազոտական ծախսերի մասով` 90-րդ տեղը, բուհ-տնտեսություն տնտեսական համագործակցության հարցով` 82-րդ տեղը: Համաշխարհային տնտեսական ֆորումի տվյալներով, Հայաստանում 1 մլն մարդու հաշվով հետազոտողների թիվը կազմում է 1605, այն դեպքում, երբ, օրինակ, Թայվանում այն կազմում է 3188, վերապատրաստված բարձր որակավորում ունեցող մասնագետների թիվը ընդհանուրի մեջ կազմում է ընդամենը 16,5 տոկոս, հետոզոտությունների եւ մշակումների վրա կատարված ծախսերը ՀՆԱ-ում 0,25 տոկոս են կազմում: Թայվանում այդ ծախսերը կազմում են 4,3 տոկոս, իսկ 1960-90թթ. մոտ 100 հազար թայվանցիներ վերապատրաստվել են ԱՄՆ-ում եւ բոլորը` չնչին բացառություններով վերադարձել են իրենց հայրենիք: Դ.Հախվերդյանը նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրության ծավալը կազմում է շուրջ 84 մլն ԱՄՆ դոլար, որից 60 մլն. ԱՄՆ դոլարի արտադրանքը արտահանվում է, ոլորտում ընդգրկված է մոտ 5000 մասնագետ` զբաղվածների մոտ 0,6 տոկոսը, ոլորտում արտադրվում է ՀՆԱ-ի 2 տոկոսը: Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանի գլխավոր մրցակցային առավելություններից մեկը ճանաչվել է մարդկային ներուժը, մասնավորապես, այսպիսի եզրահանգման է եկել Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերը, որը 2004թ. կատարել է Հայաստանի մրցակցային առավելությունների վերլուծություն: Սակայն աշխատուժը մրցակցային առավելություն դարձնելու համար անհրաժեշտ է ներդրումներ կատարել մարդկային կապիտալում,- նշեց փորձագետը: Նա ընդգծեց, որ պետք չէ ամեն ինչը բարդել պետության վրա, որովհետեւ ինովացիոն կապիտալը եւ մարդկային կապիտալում ներդրումները առավել շատ բիզնես միջավայրի ներկայացուցիչները պետք է անեն, իսկ պետությունը պետք է ֆինանսավորի առավել ռիսկային եւ ստրատեգիական նշանակության նախագծերը: Նա ամենակարեւոր քայլերից մեկը համարում է գյուտարարների եւ բիզնես շրջանակների միջեւ համագործակցության զարգացումը, այդ բացի մասին է վկայում այն, որ 2007թ. Միգրացիոն գործակալության հաշվետվության համաձայն, Հայաստանում գրանցվել է 882 գյուտ, սակայն որեւէ ինֆորմացիա չկա, թե դրանցից քանիսն է ապրանք դարձել, մտել բիզնես միջավայր: Փորձագետը կարեւորեց նաեւ բուհ-ձեռնարկատերեր կապի ստեղծումը: ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վահրամ Ղուշչյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը արդեն իսկ սկսել է իրականացնել ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավման իր ծրագրերը, հաստատվել է միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը` ուղղված բոլոր ընթացակարգերի, վարչարարության պարզեցմանը, Հայաստանում բիզնես սկսելու գործընթացը հեշտացնելուն: «Հայաստանը բիզնեսով զբաղվելու տեսանկյունից աշխարհում պետք է լինի աշխարհի լավագույն երկրների 10 տոկոսի մեջ»,- այսպիսի նպատակ է դրել կառավարությունը: «Կառավարությունը պատրաստ է մինչեւ 1 տոկոս ծախսել ներդրումների վրա, եթե մենք կարողանանք մասնավոր հատվածի կողմից եւս ներգրավել 1-2 տոկոս»,- ասաց կառավարության ներկայացուցիչը: «Կլոր սեղանի» ընթացքում «Ռադվան տեխնոլոգիա» ընկերության նախագահ Ռադիկ Վանունցը հայտնեց, որ ընկերությունը նախաձեռնել է Հայաստանում առաջին փորձերից մեկը` ներդրում է կատարում մարդկային կապիտալի ոլորտում: Հայտարարված է ներդրումային նախագծերի մրցույթ, որը պետք է անցկացվի սեպտեմբերի 25-30-ը, մրցույթը նպատակ ունի բացահայտել ներդրումային նախագծերի մշակման բնագավառում առկա մասնագիտական ներուժը: Լավագույն երեք ներդրումային նախագծերի հեղինակները համապատասխանաբար 1,5 մլն, 800 եւ 600 հազար դրամ պարգեւավճար կստանան, պարգեւավճարները կտրվեն ընկերության հետ աշխատանքային պայմանագրերը կնքելուց հետո: 2004թ. ստեղծված «Ռադվան տեխնոլոգիա» ընկերության կողմից վերջին տարիներին բարձր տեխնոլոգիաների բնագավառում կատարած հետազոտությունները հնարավոր են դարձրել նրանց կիրառումը արտադրության մեջ, մասնավորապես, ռազմական նշանակության վարժասարքերի ոլորտում: Ընկերությունը զբաղվում է փոքր ՀԷԿ-երի կառուցման եւ վերակառուցման հարցերով: Ընկերության կողմից հիմնադրվել է նաեւ բիզնեսի կառավարման ոլորտի կադրերի վերապատրաստմանն ուղղված «Աղանբեկյանի անվան կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցը»:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play