ԲՐԻՒՍԷԼ, 27 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եւրախորհրդարանի նախագահ
Հանս-Գերտ Պոտտերինգը Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամային
հրաւիրել է ելոյթ ունենալու ԵՄ օրենսդրական մարմնի պատգամաւորների
առջեւ եւ պատմելու նրանց Լհասայի վերջին իրադարձութիւնների մասին,
որտեղ Տիբեթին անկախութիւն տրամադրելու պահանջով չարտօնուած
ցույցերը ճնշվեցին չինական ոստիկանութեան կողմից, հաղորդում է
Reuters գործակալութիւնը:
«Դալայ-լամային ուրախութեամբ կդիմաւորեն այս դահլիճում, երբ
էլ նա ցանկութիւն յայտնի գալու»,- ասել է Եւրախորհրդարանի
ղեկավարը:
Հանս-Գերտ Պոտտերինգը աւելի վաղ չէր բացառել Եւրամիութեան
կողմից Պեկինի օլիմպիական խաղերը բոյկոտելու հնարաւորութիւնը, եթէ
Չինաստանի իշխանութիւնները չկարգավորեն Տիբեթի հուզումների հետ
կապուած լարուած իրադրութիւնը:
Լհասայում մարտի 10-ին հուզումներ սկսուեցին Տիբեթի
մայրաքաղաքում ապստամբութեան 49-րդ տարելիցին նուիրուած ցույցերի
ժամանակ, որն աւարտուել էր Դալայ-լամայի արտաքսմամբ: Ըստ պաշտօնական
տուեալների, զոհուել են առնուազն 18 խաղաղ բնակիչներ եւ մէկ ոստիկան:
Դալայ-լամայի կողմնակիցները հաղորդել են նուազագոյնը 100 մարդու
մահուան մասին: