ԺՆԵՒՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ<br /> ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ <br />


ԺՆԵՒՈՒՄ ԲԱՑՈՒԵԼ Է ՄԻՋՆԱԴԱՐԵԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ԵՎ ԳՐՔԵՐԻ
ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԸ

  • 17-09-2007 17:10:00   |   |  Մշակոյթ
ԺՆԵՎ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 14-ին Ժնեւում բացուել է միջնադարեան հայկական ձեռագրերի եւ գրքերի «Հայաստանի մանրանկարները. Մատենադարանի հաւաքածուն» ցուցահանդէսը, որը գործելու է մինչեւ դեկտեմբերի 30-ը: Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի Ռեյի եւ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանեանի հովանաւորութեամբ անցկացուող ցուցահանդէսը կազմակերպուել է Մաշտոցի անուան հին ձեռագրերի ինստիտուտի, Մարտին Բոդմեր հաստատութեան եւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանութեան համատեղ ջանքերով: Բացման արարողութեանը մասնակցել են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը, Մատենադարանի տնօրէն Հրաչ Թամրազեանը, Ժնեւի կանտոնի Խորհրդի նախագահ Շառլ Բեռը, Շվեյցարիայի դաշնային եւ Ժնեւի կանտոնալ բարձրաստիճան պաշտոնեաներ, Ժնեւում գործող միջազգային կազմակերպութիւնների ներկայացուցիչներ եւ հաւատարմագրուած դիւանագէտներ: Ցուցահանդէսը ներկայացնում է Հայաստանի` որպէս Արեւմուտքի եւ Արեւելքի խաչմերուկում գտնուող երկրի ներդրումը համամարդկային հոգեւոր արժէքների գանձարանում, բացայայտում է կրօնի, փիլիսոփայության, մշակոյթի, արուեստի եւ գիտութեան հիմնարար ազդեցութիւնը հայ ժողովրդի ինքնութեան ձեւաւորման վրայ: Ցուցանմուշների թւում են Մատենադարանի գանձերից Արցախի Աւետարանը (XIVդ.), Տաթեւի դպրոցի Աւետարանը (XIVդ.), Գրիգոր Տաթեւացու, Գրիգոր Նարեկացու եւ Դավիթ Անհաղթի եզակի ձեռագրերը: Լայնօրէն ներկայացուած է Կիլիկիայի մանրանկարչութեան դպրոցը (Ակների Աւետարանը (1287թ.), Սարգիս Պիծակի Արքայական Աւետարանը (1336թ.), Սմբատ Գունստաբլի Աւետարանը (XIVդ.) եւ այլն): Ցուցահանդէսում ներկայացուած են նաեւ Վենետիկի Մխիթարեան միաբանութեան գրադարանից եւ Ֆրանսիայի ազգային գրադարանից բերուած հայկական ձեռագրեր, այդ թւում` 14-րդ դարի Ալեքսանդրի պատմութիւնը, որը ոչ կրոնական մանրանկարչութեան եզակի նմուշ է: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատուութեան վարչութիւնից, ցուցահանդէսի շրջանակում անցկացուելու է նաեւ ֆրանսիացի արուեստաբան Ռեժի Լաբուրդետի լուսանկարների «Խորհրդապաշտական խաչ» ցուցահանդէսը նուիրուած հայկական եկեղեցիներին: Ցուցահանդէսի յովանաւորներն են Հանս Վիլսդորֆ հիմնադրամը, «Բողոսյան եւ որդիներ», «Արմէնիա», «Փիլիպոսյան» հիմնադրամները, Էդմոնդ եւ Թալին Ավագյանները եւ Լոմբարդ Օդյե բանկը: Ցուցահանդեսին օժանդակում է նաեւ Յուլիուս Բաեր բանկը: Ցուցահանդէսի գիտական կուրատորն ու կատալոգի խմբագիրն է Ժնեւի համալսարանի հայագիտութեան պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարին: Կատալոգը կազմուել է Մատենադարանի գիտական անձնակազմի մասնակցութեամբ, իսկ դրա տպագրությունը հովանաւորել են Եդմոնդ եւ Թալին Աւագեան բարերարները:
  -   Մշակոյթ