ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿԵԱՆԻ ԿԵԱՆՔԸ ՀԱՄԱԿ
ՆՈՒԻՐՈՒՄ ԵՂԱՎ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻՆ»
21-08-2007 14:04:00 | Հայաստան | Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ծայրագոյն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ժողովրդական նկարիչ Էդվարդ
Իսաբեկեանի մահուան կապակցութեամբ մեծանուն նկարչի սգակիր ընտանիքին
ցավակցական հեռագիր է յղել, որում ասուած է.
«Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու
շնորհալի զավակ, անուանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկեանի մահուան
մասին:
Լուսահոգի Էդուարդ Իսաբեկեանի կեանքը համակ նուիրում եղավ հայ
գեղանկարչական արուեստին: Տաղանդաշատ վարպետը ստեղծեց մեծարժէք
կտաւներ հայոց պատմութեան ու հայրենի գեղեցիկ բնաշխարհի գունեղ
պատկերներով: Առանձնակի վարպետութեամբ յօրինուած նրա վրձնի գործերը
տասնեակ տարիներ զարդարում են ինչպէս Հայաստանի, այնպէս եւ
արտերկրի հռչակաւոր թանգարանները` պատիւ բերելով մեր ժողովրդին:
Մեծ ու գնահատելի է նաեւ բարեյիշատակ հայորդու վաստակը նկարիչների
նոր սերնդի պատրաստութեան գործում: Ճանաչուած շատ ու շատ նկարիչներ
պատիւ են ունեցել աշակերտելու մեծ վարպետին, որոնցից մէկն էլ իր
որդին է, որ այսօր ղեկավարում է Երեւանի Գեղարուեստի պետական
ինստիտուտը:
Մխիթարութեան զգացումով ենք յիշում այն օրը, երբ բարձր
գնահատանքով վաստակաշատ արուեստագէտի կուրծքը զարդարեցինք
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատւոյ
բարձրագոյն շքանշանով:
Յանուն Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի միաբանութեան` Մեր ցավակցությունն ու սրտակցությունն ենք
բերում հանգուցեալի սգակիր ընտանիքին եւ բոլոր հարազատներին ու
մերձաւորներին:
Աղօթում ենք առ Բարեգութն Աստուած, որ երկնից երանավետ
հանգրուաններում խաղաղութեան մէջ ընդունի հանգուցեալի լոյս հոգին
եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի վշտացյալ
բոլոր սրտերին:
Խունկ, աղօթք եւ օրհնություն հոգելոյս Էդուարդ Իսաբեկեանի
բարի յիշատակին:
«Զննջեցեալս մեր արժանի արա, Տէր, ընդունիլ ի կեանսդ
յաւիտենից. Ամէն»: