ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ ԿՅԱՆՔԸ ՀԱՄԱԿ
ՆՎԻՐՈՒՄ ԵՂԱՎ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԻՆ»
21-08-2007 14:04:00 | Հայաստան | Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ծայրագույն Պատրիարք եւ
Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ժողովրդական նկարիչ Էդվարդ
Իսաբեկյանի մահվան կապակցությամբ մեծանուն նկարչի սգակիր ընտանիքին
ցավակցական հեռագիր է հղել, որում ասված է.
«Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու
շնորհալի զավակ, անվանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի մահվան
մասին:
Լուսահոգի Էդուարդ Իսաբեկյանի կյանքը համակ նվիրում եղավ հայ
գեղանկարչական արվեստին: Տաղանդաշատ վարպետը ստեղծեց մեծարժեք
կտավներ հայոց պատմության ու հայրենի գեղեցիկ բնաշխարհի գունեղ
պատկերներով: Առանձնակի վարպետությամբ հորինված նրա վրձնի գործերը
տասնյակ տարիներ զարդարում են ինչպես Հայաստանի, այնպես եւ
արտերկրի հռչակավոր թանգարանները` պատիվ բերելով մեր ժողովրդին:
Մեծ ու գնահատելի է նաեւ բարեհիշատակ հայորդու վաստակը նկարիչների
նոր սերնդի պատրաստության գործում: Ճանաչված շատ ու շատ նկարիչներ
պատիվ են ունեցել աշակերտելու մեծ վարպետին, որոնցից մեկն էլ իր
որդին է, որ այսօր ղեկավարում է Երեւանի Գեղարվեստի պետական
ինստիտուտը:
Մխիթարության զգացումով ենք հիշում այն օրը, երբ բարձր
գնահատանքով վաստակաշատ արվեստագետի կուրծքը զարդարեցինք
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո
բարձրագույն շքանշանով:
Հանուն Գերագույն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնի միաբանության` Մեր ցավակցությունն ու սրտակցությունն ենք
բերում հանգուցյալի սգակիր ընտանիքին եւ բոլոր հարազատներին ու
մերձավորներին:
Աղոթում ենք առ Բարեգութն Աստված, որ երկնից երանավետ
հանգրվաններում խաղաղության մեջ ընդունի հանգուցյալի լույս հոգին
եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի վշտացյալ
բոլոր սրտերին:
Խունկ, աղոթք եւ օրհնություն հոգելույս Էդուարդ Իսաբեկյանի
բարի հիշատակին:
«Զննջեցեալս մեր արժանի արա, Տէր, ընդունիլ ի կեանսդ
յաւիտենից. Ամէն»: