ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿԵԱՆԻ ԿԵԱՆՔԸ ՀԱՄԱԿ<br /> ՆՈՒԻՐՈՒՄ ԵՂԱՎ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻՆ»<br />


ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ. «ԷԴՈՒԱՐԴ ԻՍԱԲԵԿԵԱՆԻ ԿԵԱՆՔԸ ՀԱՄԱԿ
ՆՈՒԻՐՈՒՄ ԵՂԱՎ ՀԱՅ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՐՈՒԵՍՏԻՆ»

  • 21-08-2007 14:04:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսը ժողովրդական նկարիչ Էդվարդ Իսաբեկեանի մահուան կապակցութեամբ մեծանուն նկարչի սգակիր ընտանիքին ցավակցական հեռագիր է յղել, որում ասուած է. «Ցավով տեղեկացանք մեր ժողովրդի եւ մեր Սուրբ Եկեղեցու շնորհալի զավակ, անուանի գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկեանի մահուան մասին: Լուսահոգի Էդուարդ Իսաբեկեանի կեանքը համակ նուիրում եղավ հայ գեղանկարչական արուեստին: Տաղանդաշատ վարպետը ստեղծեց մեծարժէք կտաւներ հայոց պատմութեան ու հայրենի գեղեցիկ բնաշխարհի գունեղ պատկերներով: Առանձնակի վարպետութեամբ յօրինուած նրա վրձնի գործերը տասնեակ տարիներ զարդարում են ինչպէս Հայաստանի, այնպէս եւ արտերկրի հռչակաւոր թանգարանները` պատիւ բերելով մեր ժողովրդին: Մեծ ու գնահատելի է նաեւ բարեյիշատակ հայորդու վաստակը նկարիչների նոր սերնդի պատրաստութեան գործում: Ճանաչուած շատ ու շատ նկարիչներ պատիւ են ունեցել աշակերտելու մեծ վարպետին, որոնցից մէկն էլ իր որդին է, որ այսօր ղեկավարում է Երեւանի Գեղարուեստի պետական ինստիտուտը: Մխիթարութեան զգացումով ենք յիշում այն օրը, երբ բարձր գնահատանքով վաստակաշատ արուեստագէտի կուրծքը զարդարեցինք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատւոյ բարձրագոյն շքանշանով: Յանուն Գերագոյն Հոգեւոր Խորհրդի եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանութեան` Մեր ցավակցությունն ու սրտակցությունն ենք բերում հանգուցեալի սգակիր ընտանիքին եւ բոլոր հարազատներին ու մերձաւորներին: Աղօթում ենք առ Բարեգութն Աստուած, որ երկնից երանավետ հանգրուաններում խաղաղութեան մէջ ընդունի հանգուցեալի լոյս հոգին եւ Իր Սուրբ Հոգու մխիթարությունն ու սփոփանքը պարգեւի վշտացյալ բոլոր սրտերին: Խունկ, աղօթք եւ օրհնություն հոգելոյս Էդուարդ Իսաբեկեանի բարի յիշատակին: «Զննջեցեալս մեր արժանի արա, Տէր, ընդունիլ ի կեանսդ յաւիտենից. Ամէն»:
  -   Մշակոյթ