Աթէնքում յունիսի 20-ից յուլիսի 4-ը անցկացուած Յատուկ Օլիմպիադաների (հօ) աշխարհի ամառային խաղերին մասնակցած հայաստանցի չորս մարզիկներն էլ հայրենիք են վերադարձել մեդալներով։ Սուրէն Բալասանեանը 50 մ վազք եւ փափուկ գնդակի նետում մարզաձեւերում նուաճել է, համապատասխանաբար, ոսկէ եւ բրոնզէ մեդալներ, իսկ Սպարտակ Յակոբեանը՝ արծաթէ եւ բրոնզէ մեդալներ` հեռացատք եւ 200 մ վազք մարզաձեւերում։ Հանդէս գալով 25 մ ազատ ոճով լողի մրցումներում՝ Նոնա Արոյեանը արժանացել է արծաթէ մեդալի, իսկ Տիգրան Գէորգեանը` ոսկէ մեդալի ազատ ոճով եւ արծաթէ մեդալի թիկնալողի մրցումներում։
Յուլիսի 9-ի ասուլիսում խմբի ղեկավար Արտակ Իսրայէլեանը յայտնեց, որ Աթէնքի խաղերին հայ մարզիկների մասնակցութեանը աջակցել Սպորտի եւ երիտասարդութեան հարցերով նախարարութիւնը։ «Մեր մարզիկների մասնակցութիւնը նման միջազգային եւ տեղական միջոցառումներին օգնում է նրանց աւելի հեշտ յաղթահարել խոչընդոտները: Շարունակական մարզումները եւ սպորտային միջոցառումները հնարաւորութիւն են տալիս առանձնայատուկ պայմանների կարիք ունեցող, մասնաւորապէս մտաւոր սահմանափակումներով մարդկանց բացայայտել ու զարգացնել իրենց ընդունակութիւնները»,- նշեց խմբի ղեկավարը:
ՀՕ շարժումն անցկացնում է սպորտային մարզումներ եւ մրցումներ մտաւոր սահմանափակումներով երեխաների ու մեծահասակների համար։ Շարժումը ստեղծուել է 1968թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քէնեդի քրոջ` Իւնիս Քէնեդի Շրայուերի, նախաձեռնութեամբ: Ներկայումս «Յատուկ Օլիմպիադաներ» շարժման մէջ, որը մտաւոր սահմանափակումներով անձանց աշխարհի ամենամեծ ու հեղինակաւոր հասարակական շարժումն է, ներգրաւուած է աւելի քան 3,5 մլն մարդ 180 երկրներից, այդ թւում Հայաստանից: