«Հատուկ Օլիմպիադաներ»-ի Աթենքի խաղերին մասնակցած հայաստանցի 4 մարզիկները նվաճել են 7 մեդալ<br /> <br />


 

«Հատուկ Օլիմպիադաներ»-ի Աթենքի խաղերին մասնակցած հայաստանցի 4 մարզիկները նվաճել են 7 մեդալ

  • 09-07-2011 15:01:15   | Հայաստան  |  Սպորտ
 Աթենքում հունիսի 20-ից հուլիսի 4-ը անցկացված Հատուկ Օլիմպիադաների (ՀՕ) աշխարհի ամառային խաղերին մասնակցած հայաստանցի չորս մարզիկներն էլ հայրենիք են վերադարձել մեդալներով։ Սուրեն Բալասանյանը 50 մ վազք եւ փափուկ գնդակի նետում մարզաձեւերում նվաճել է, համապատասխանաբար, ոսկե եւ բրոնզե մեդալներ, իսկ Սպարտակ Հակոբյանը՝ արծաթե եւ բրոնզե մեդալներ` հեռացատք եւ 200 մ վազք մարզաձեւերում։ Հանդես գալով 25 մ ազատ ոճով լողի մրցումներում՝ Նոնա Արոյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Տիգրան Գեւորգյանը` ոսկե մեդալի ազատ ոճով եւ արծաթե մեդալի թիկնալողի մրցումներում։ Հուլիսի 9-ի ասուլիսում խմբի ղեկավար Արտակ Իսրայելյանը հայտնեց, որ Աթենքի խաղերին հայ մարզիկների մասնակցությանը աջակցել Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարությունը։ «Մեր մարզիկների մասնակցությունը նման միջազգային եւ տեղական միջոցառումներին օգնում է նրանց ավելի հեշտ հաղթահարել խոչընդոտները: Շարունակական մարզումները եւ սպորտային միջոցառումները հնարավորություն են տալիս առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, մասնավորապես մտավոր սահմանափակումներով մարդկանց բացահայտել ու զարգացնել իրենց ընդունակությունները»,- նշեց խմբի ղեկավարը: ՀՕ շարժումն անցկացնում է սպորտային մարզումներ եւ մրցումներ մտավոր սահմանափակումներով երեխաների ու մեծահասակների համար։ Շարժումը ստեղծվել է 1968թ. ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդի քրոջ` Յունիս Քենեդի Շրայվերի, նախաձեռնությամբ: Ներկայումս «Հատուկ Օլիմպիադաներ» շարժման մեջ, որը մտավոր սահմանափակումներով անձանց աշխարհի ամենամեծ ու հեղինակավոր հասարակական շարժումն է, ներգրավված է ավելի քան 3,5 մլն մարդ 180 երկրներից, այդ թվում Հայաստանից:
Նոյյան տապան  -   Սպորտ