«ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԱՄԷՆԻՑ ՇԱՏ ՏՈՒԺՈՒՄ ԵՆ ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ
ԵՐԵԽԱՆԵՐԸ»,- ԱՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՈՒՆԻՍԵՖԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ
20-03-2007 16:40:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի Աղէտների
Հետեւանքների նուազեցման միջազգային քարտուղարության եւ Կենտրոնական
Ասիայի Եկրաշարժերի դէմ պաշտպանուածութեան նախաձեռնութեան հետ
համատեղ օրերս կազմակերպել էր «Երկրաշարժերից պաշտպանուած դպրոցներ»
թեմայով երկօրեայ քննարկում: Ինչպէս նշուած է «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանեան գրասենեակից տրամադրած
հաղորդագրութիւնում, քննարկման նպատակն էր ներկայացնել, թէ ինչպէս
կարող են դպրոցներն ու համայնքները աւելի լաւ պատրաստուած լինել
երկրաշարժերի ժամանակ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ Կրթութեան եւ
գիտութեան նախարարութեան, Կրթութեան ազգային ինստիտուտի,
Ճգնաժամային իրավիճակների կառավարման ակադեմիայի, Հայկական Կարմիր
Խաչի ընկերութեան ներկայացուցիչներ, ինչպէս նաեւ մի շարք դպրոցների
տնօրեններ եւ ուսուցիչներ:
«Աղէտները, այդ թւում երկրաշարժերը, կարող են տեղի ունենալ
ցանկացած պահին եւ ցանկացած վայրում: Քաջ գիտակցելով դրանց
հետեւանքները երեխաների համար, մենք պարտաւոր ենք նախապէս
պատրաստուել դրանց դիմակայելու»,- նշել է Հայաստանում ԵՈՒՆԻՍԵՖ-ի
ներկայացուցիչ Շելդոն Յեթը: Ըստ նրա, միջազգային փորձը եւ
Հայաստանում 1988թ.-ին տեղի ունեցած աղէտալի երկրաշարժը ցոյց են
տուել, որ յաճախ երկրաշարժերի ժամանակ ամէնից շատ տուժում են հենց
դպրոցահասակ երեխաները: