Օծուեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին


Օծուեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցին

  • 22-08-2011 16:24:50   | Հայաստան  |  Հասարակութիւն
Օգոստոսի 20-ին Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպս. Ադամեանի ձեռամբ եւ մասնակցութեամբ Եգիպտոսի հայոց թեմի առաջնորդ Տ. Աշոտ եպս. Մնացականեանի եւ Արմավիրի թեմի հոգեւորականների կատարուեց Նոր Կեսարիա համայնքի Սուրբ Բարսեղ Կեսարացի եկեղեցու օծումը: Նախ Սրբազան հայրերը օծեցին Սուրբ սեղանը, մկրտութեան աւազանը, ինչպէս նաեւ եկեղեցու 12 սիւները: Սուրբ արարողութեանը ներկայ էին Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանեանը, Արմավիրի մարզի դատաղազը, Արմավիր քաղաքի քաղաքապետը, համայնքապետը եւ բազմաթիւ հիւրեր, թեմի երիտասարդաց միութեան անդամներ, Նոր Կեսարիայի բնակիչներ: Արմավիրի թեմի Նոր Կեսարիա համայնքում 2009 թուականից եգիպտաբնակ Բարսեղ Գըզըլեանի բարերարութեամբ սկսուել էր Սուրբ Բարսեղ Կեսարացի բազիլիկ եկեղեցու կառուցումը: Բարերարը, լինելով պատմական Կեսարիա գյուղից, 2003թ-ին գտնուելով Հայաստանում տեղեկացուել էր, որ Արմավիրի տարածաշրջանում մարզկենտրոնից 16 կմ հեռաւորութեան վրայ կայ Նոր Կեսարիա անուամբ գյուղ, այստեղել էլ որոշեց կառուցել մի սրբավայր, որը կը դառնար համայնքի աղօթատունը: Օգոստոսի 6-ին Արմավիրի թեմի առաջնորդի ձեռամբ կատարուել էր նորակառոյց եկեղեցու զանգերի եւ խաչի օծումը: Օգոստոսի 20-ին եկեղեցու օծման արարողութիւնից յետոյ իրենց օրհնութեան եւ շնորհակալութեան խօսքերը յղեցին Արմավիրի եւ Եգիպտոսի թեմերի առաջնորդները` թէ բարերարին եւ թէ հաւաքուած հիւրերին, իրենց սրտի խօսքում շեշտելով որ ուրախեն, որ այսուհետ Հայ եկեղեցու արարողութիւնները եւ հարազատ աւանդոյթները կը դառնան նաեւ այս համայնքի բնակիչների ամենօրեայ կեանքի մասը եւ ամենակարեւորը` հոգեւոր վերանորոգութեան շունչ կը հաղորդեն բնակիչներին: Եկեղեցու օծմանը յաջորդեցին, մատաղօրհնութիւնը, ազգային երգն ու երաժշտութիւնը` կազմակերպուած համայնքապետարանի կողմից:
  -   Հասարակութիւն