ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՖԻՈԼԵՏՈՎՈ ԳԻՒՂԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՀԾԾ-Ի
ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹԵԱՄԲ ՍՏԵՂԾՈՒԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ԱՆՈՒԱՆ ԱՆՏԱՌԻ ԲԱՑՈՒՄԸ ՏԵՂԻ
ԿՈՒՆԵՆԱՅ 2008 Թ.-ԻՆ
27-12-2007 14:40:00 | Հայաստան | Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2007թ.-ին «Հայաստան
ծառատունկ ծրագիր» (ՀԾԾ) բարեգործական հիմնադրամը ՄԱԿ-ի
Բնապահպանական ծրագրի (ՄԱԲԾ) համաշխարհային «Մէկ միլիարդ ծառ»
քարոզարշավի շրջանակներում գերազանցել է իր պարտաւորուածութիւնը`
տնկելով աւելի քան 550 հազար ծառ Հայաստանի 174 վայրերում:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀԾԾ-ի գրասենեակից,
2004թ.-ից մինչեւ 2007թ.-ը գիւղերի եւ լեռնային համայնքների
զարգացման ծրագրի շրջանակներում աւելի քան 1 մլն ծառ է տնկվել
Հայաստանի հիւսիսային շրջանների անտառազուրկ վայրերում,
մասնաւորապէս, Գեղարքունիքի մարզի Այգուտի, Ձորավանքի, Դպրաբակի,
ինչպէս նաեւ Լոռու մարզի Ֆիոլետովոյի, Ալավերդու եւ Սպիտակի
հողատարածքներում:
Ֆիոլետովո գիւղի տարածքում հիմնադրամի նախաձեռնութեամբ
ստեղծուել է նաեւ Հրանտ Դինքի անուան անտառ, որի հանդիսաւոր բացումը
նախատեսւում է 2008 թ.-ին:
1994թ.-ից ի վեր «Հայաստան ծառատունկ ծրագիր» կազմակերպութեան
ջանքերով հանրապետութիւնում ընդհանուր առմամբ տնկվել է աւելի քան
2 մլն ծառ: Տնկիների վերարտադրութեան ու անտառատնկման աշխատանքների
մէջ ներգրաւել են սոցիալապէս անապահով բնակիչները: