ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՀԵՌԱԿԱՅ ԿԱՐԳՈՎ ԴԱՏԱՊԱՐՏՈՒԵԼ Է 6 ՏԱՐՈՒԱՅ
ԲԱՆՏԱՐԿՈՒԹԵԱՆ
29-11-2007 20:15:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկուայի Սավյոլովյան
դատարանը նոյեմբերի 29-ին 6 տարուայ բանտարկութեան է դատապարտել
գործարար Բորիս Բերեզովսկուն «Աէրոֆլոտ» աւիաընկերութիւնից մօտ
215 մլն ռուբլի յափշտակելու համար:
Ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, սա Բերեզովսկուն առնչուող
առաջին դատավարութիւնն է: Ընդհանուր առմամբ Ռուսաստանում նրան 11
մեղադրանք է առաջադրուել, այդ թւում` «ՍԲՍ-Ագրօ» բանկի 13 մլրդ
դոլարի հափշտակութեան, եւ նրան ձերբակալելու հեռակայ վեց սանկցիա է
տրուել: Այս դատավարութիւնը եւս տեղի է ունեցել հեռակայ կարգով,
քանի որ Բերեզովսկին գտնւում է Մեծ Բրիտանիայում, որտեղ ստացել է
քաղաքական փախստականի կարգավիճակ: