Վարչապետ Տիգրան Սարգսեանն անդրադարձել է միջազգային վարկանիշային կազմակերպութիւնների գնահատականներին


Վարչապետ Տիգրան Սարգսեանն անդրադարձել է միջազգային վարկանիշային կազմակերպութիւնների գնահատականներին

  • 22-09-2011 16:58:14   | Հայաստան  |  Տնտեսութիւն
 Անկախութեան 20-ամեակի տօնակատարութիւններից յետոյ կայացած առաջին նիստը վարչապետ Տիգրան Սարգսեանը սկսեց շնորհաւորական խօսքով եւ շնորհակալութիւն յայտնեց արտերկրից շնորհաւորական ուղերձներ յղած գործընկերներին տօնական տրամադրութիւնը մեզ հետ կիսելու համար: «նախորդ նիստերից մէկում, յարգելի գործընկերներ, ես ձեր ուշադրութեանը ներկայացրեցի տնտեսական վիճակը գնահատող որոշ ինդեքսներ: Մասնաւորապէս, մեր երկրի վարկունակութեան ինդեքսը, որը հրապարակել էր միջազգային «Fitch Ratingsէ վարկանիշային կազմակերպութիւնը, արձանագրել էր մեր երկրի կայուն վիճակը, վարկունակութեան վարկանիշը թողել էր նոյնը, իսկ կանխատեսումներն ապագայի նկատմամբ` կայուն: Դրանից յետոյ հրապարակուել էր Ազգային մրցունակութեան զեկոյցը, որը գնահատում է երկրների մրցունակութիւնը, եւ 142 երկրների շրջանակում մենք բարելաւել էինք մեր դիրքը` վեց քայլով շարժուել առաջ: Այս երկու շաբաթուայ ընթացքում երկու նոր ինդեքսներ են հրապարակուել: Առաջինը «Heritage Foundationե-ի ազատութեան ինդեքսն է, որտեղ մենք նոյնպէս արձանագրել ենք առաջընթաց, ինչը չափազանց կարեւոր է ճգնաժամից յետոյ, երբ մեր բազմաթիւ ցուցանիշներ վատթարացել էին, բայց հիմա մտել ենք վերականգնման փուլ, եւ մեր ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարելաւուում են. 180 երկրների ցանկում ազատութեան ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը: Դա բաւական լաւ ցուցանիշ է: Միւս ցուցանիշը, որ հրապարակուեց, Էլեկտրակապի միջազգային միութեան կողմից տեղեկատուական հասարակութեան չափման զեկոյցն է, որտեղ նոյնպէս արձանագրուել է Հայաստանի առաջընթացը տեղեկատուական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձեւով, եւ կարեւոր է, որ այս պահի դրութեամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից եւ Վրաստանից առաջ ենք գտնւում: Եթէ ազատութեան ինդեքսով մենք դեռեւս Վրաստանին զիջում ենք (Վրաստանը 29-րդ տեղն է զբաղեցնում), ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, որովհետեւ Ադրբեջանն զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը: Տնտեսական ազատութեամբ մեր վիճակն աւելի լաւ է: Ընդհանուր առմամբ պէտք է արձանագրենք, որ բոլոր վարկանիշները մեզ մօտ առաջընթաց են արձանագրում այն պարզ պատճառով, որ մենք իսկապէս 2010-2011 թթ. մեծածաւալ բարեփոխումների փաթեթ ենք ընդունել ձեզ հետ միասին, մի շարք օրէնքներ ենք ընդունել եւ ակնյայտ է, որ այդ բոլոր ռեժիմների կիրառումը մեր ընդհանուր վարկանիշը բարելաւում է: Երէկ ազգային վիճակագրական ծառայութիւնը հրապարակել է վիճակագրական ցուցանիշները, որոնք նոյնպէս վկայում են այն մասին, որ մենք արդէն մտել ենք տնտեսական ակտիւութեան փուլ: Տնտեսական ակտիւութեան ինդեքսը դրական է. եթէ այն համադրենք համախառն ներքին արդիւնքի ինդեքսի հետ եւ փորձենք գնահատել, ապա կը տեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ: Փորձագիտական գնահատականներով Հնա-ի աճն այս պահի դրութեամբ կազմում է 4.5 տոկոս, եւ դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջութեամբ իրատեսական է: Այս գնահատականին միաժամանակ պէտք է աւելացնենք Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերեալ, ըստ որի մենք ամբողջութեամբ գտնուելու ենք թիրախային ցուցանիշների շրջանակներում, եւ այդ մակրոտնտեսական կարեւոր ցուցանիշները 2011-ին մենք կատարելու ենք: Աննախադէպ անկումից յետոյ գիւղատնտեսութիւնն արձանագրում է աճի բաւական բարձր տեմպ, արդիւնաբերութիւնը բաւական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին: Դեռեւս մենք լուրջ խնդիր ունենք շինարարութեան ոլորտում, որտեղ անկումը շարունակւում է: Բայց շինարարութեան տեսակարար կշիռը համախառն ներքին արդիւնքի մէջ այս պահի դրութեամբ կրկնակի նուազել է: Միւս կողմից տեղի է ունեցել տնտեսութեան դիւերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակէտից նուազեցնում է տատանումների ռիսկերը: Այսինքն` այնպիսի աննախադէպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլեւս մեզ չի սպառնում, որովհետեւ որեւիցէ ճիւղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման: Այնպէս որ, տօնական տրամադրութիւններին պէտք է աւելացնենք լաւատեսութիւնը, որի մասին են վկայում միջազգային վարկանիշային ցուցանիշները, ընդ որում` մեր ընդդիմախօսներն արդէն պէտք է բանավիճեն ոչ թէ կառավարութեան, այլ միջազգային հեղինակաւոր կազմակերպութիւնների հետ, որոնք այդ գնահատականները եւ ցուցանիշները հրապարակում ենէ:
  -   Տնտեսութիւն