Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականներին


Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականներին

  • 22-09-2011 16:58:14   | Հայաստան  |  Տնտեսություն
 Անկախության 20-ամյակի տոնակատարություններից հետո կայացած առաջին նիստը վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսեց շնորհավորական խոսքով եւ շնորհակալություն հայտնեց արտերկրից շնորհավորական ուղերձներ հղած գործընկերներին տոնական տրամադրությունը մեզ հետ կիսելու համար։ «Նախորդ նիստերից մեկում, հարգելի գործընկերներ, ես ձեր ուշադրությանը ներկայացրեցի տնտեսական վիճակը գնահատող որոշ ինդեքսներ։ Մասնավորապես, մեր երկրի վարկունակության ինդեքսը, որը հրապարակել էր միջազգային «Fitch Ratings» վարկանիշային կազմակերպությունը, արձանագրել էր մեր երկրի կայուն վիճակը, վարկունակության վարկանիշը թողել էր նույնը, իսկ կանխատեսումներն ապագայի նկատմամբ` կայուն։ Դրանից հետո հրապարակվել էր Ազգային մրցունակության զեկույցը, որը գնահատում է երկրների մրցունակությունը, եւ 142 երկրների շրջանակում մենք բարելավել էինք մեր դիրքը` վեց քայլով շարժվել առաջ։ Այս երկու շաբաթվա ընթացքում երկու նոր ինդեքսներ են հրապարակվել։ Առաջինը «Heritage Foundation»-ի ազատության ինդեքսն է, որտեղ մենք նույնպես արձանագրել ենք առաջընթաց, ինչը չափազանց կարեւոր է ճգնաժամից հետո, երբ մեր բազմաթիվ ցուցանիշներ վատթարացել էին, բայց հիմա մտել ենք վերականգնման փուլ, եւ մեր ցուցանիշներն ընդհանուր առմամբ բարելավվում են. 180 երկրների ցանկում ազատության ինդեքսով զբաղեցնում ենք 36-րդ տեղը։ Դա բավական լավ ցուցանիշ է։ Մյուս ցուցանիշը, որ հրապարակվեց, Էլեկտրակապի միջազգային միության կողմից տեղեկատվական հասարակության չափման զեկույցն է, որտեղ նույնպես արձանագրվել է Հայաստանի առաջընթացը տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման վարկանիշի ձեւով, եւ կարեւոր է, որ այս պահի դրությամբ մենք տարածաշրջանում այդ վարկանիշով առաջատարն ենք, Ադրբեջանից եւ Վրաստանից առաջ ենք գտնվում։ Եթե ազատության ինդեքսով մենք դեռեւս Վրաստանին զիջում ենք (Վրաստանը 29-րդ տեղն է զբաղեցնում), ապա Ադրբեջանից շատ առաջ ենք, որովհետեւ Ադրբեջանն զբաղեցնում է 92-րդ տեղը, Թուրքիան` 67-րդը։ Տնտեսական ազատությամբ մեր վիճակն ավելի լավ է։ Ընդհանուր առմամբ պետք է արձանագրենք, որ բոլոր վարկանիշները մեզ մոտ առաջընթաց են արձանագրում այն պարզ պատճառով, որ մենք իսկապես 2010-2011 թթ. մեծածավալ բարեփոխումների փաթեթ ենք ընդունել ձեզ հետ միասին, մի շարք օրենքներ ենք ընդունել եւ ակնհայտ է, որ այդ բոլոր ռեժիմների կիրառումը մեր ընդհանուր վարկանիշը բարելավում է։ Երեկ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է վիճակագրական ցուցանիշները, որոնք նույնպես վկայում են այն մասին, որ մենք արդեն մտել ենք տնտեսական ակտիվության փուլ։ Տնտեսական ակտիվության ինդեքսը դրական է. եթե այն համադրենք համախառն ներքին արդյունքի ինդեքսի հետ եւ փորձենք գնահատել, ապա կտեսնենք, որ այստեղ էլ ունենք աճ։ Փորձագիտական գնահատականներով ՀՆԱ-ի աճն այս պահի դրությամբ կազմում է 4.5 տոկոս, եւ դա նշանակում է, որ 2011 թ. մեր ծրագիրն ամբողջությամբ իրատեսական է։ Այս գնահատականին միաժամանակ պետք է ավելացնենք Կենտրոնական բանկի գնահատականները գնաճի վերաբերյալ, ըստ որի մենք ամբողջությամբ գտնվելու ենք թիրախային ցուցանիշների շրջանակներում, եւ այդ մակրոտնտեսական կարեւոր ցուցանիշները 2011-ին մենք կատարելու ենք։ Աննախադեպ անկումից հետո գյուղատնտեսությունն արձանագրում է աճի բավական բարձր տեմպ, արդյունաբերությունը բավական բարձր տեմպերով է աճում. արտահանման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման աճի տեմպերին։ Դեռեւս մենք լուրջ խնդիր ունենք շինարարության ոլորտում, որտեղ անկումը շարունակվում է։ Բայց շինարարության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ այս պահի դրությամբ կրկնակի նվազել է։ Մյուս կողմից տեղի է ունեցել տնտեսության դիվերսիֆիկացում, ինչը տնտեսական աճի տեսակետից նվազեցնում է տատանումների ռիսկերը։ Այսինքն` այնպիսի աննախադեպ անկում, որ մենք ունեցանք 2009-ին, այլեւս մեզ չի սպառնում, որովհետեւ որեւիցե ճյուղի զգալի անկումը չի կարող բերել 14 տոկոսանոց անկման։ Այնպես որ, տոնական տրամադրություններին պետք է ավելացնենք լավատեսությունը, որի մասին են վկայում միջազգային վարկանիշային ցուցանիշները, ընդ որում` մեր ընդդիմախոսներն արդեն պետք է բանավիճեն ոչ թե կառավարության, այլ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ, որոնք այդ գնահատականները եւ ցուցանիշները հրապարակում են»։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play