Գաֆէսճէան արուեստի կենտրոնը ներկայացնում է երկու նոր քանդակ Ջերարդ Լ. Գաֆէսճէան հաւաքածուից


Գաֆէսճէան արուեստի կենտրոնը ներկայացնում է երկու նոր քանդակ Ջերարդ Լ. Գաֆէսճէան հաւաքածուից

  • 30-09-2011 15:44:27   | Հայաստան  |  Մշակոյթ
 Գաֆէսճէան արուեստի կենտրոնի (ԳԱԿ) բացօթեայ Խանջեան հարթակում տեղադրուել են երկու նոր բրոնզէ քանդակներ` բրիտանացի արուեստագէտ Դեյուիդ Բրոյեր-վեյլի հեղինակած “այցելուն” 2011թ., որը ստեղծուել է Ջերարդ Գաֆէսճէանի պատուերով յատուկ Գաֆէսճէան արուեստի կենտրոնում տեղադրուելու համար, եւ “ծածանը”, որը 2000 թուականին հեղինակել է ֆրանսիացի արուեստագէտ Ֆրանսուա-քսաւիէ Լալանը: Այս երկու քանդակներն ընդլայնում են Գաֆէսճէան քանդակների պարտէզում եւ Գաֆէսճէան արուեստի կենտրոնում ցուցադրուած մոնումենտալ քանդակների տպաւորիչ ընտրանին: Այստեղ արդէն իսկ ներկայացուած են համաշխարհային համբաւ ունեցող այնպիսի արուեստագէտներ, ինչպիսիք են Ֆերնանդոյ Բոտերոն, Ժաումէ Պլենզան, Բարրի Ֆլանագանը եւ Լին Չեդուիքը: Ջերարդ Լ. Գաֆէսճէան հաւաքածուի մաս կազմող քանդակների տեղադրումը Կասկադ համալիրում կատարուել է պարոն Գաֆէսճէանի նախագծով: Դեյուիդ Բրոյեր-վեյլը բրտիտանացի քանդակագործ է(ծնվ. 1965թ.): “այցելուն” արուեստագէտի կողմից ստեղծուած առաջին մոնումենտալ քանդակն է, որը համալրում է արուեստագէտի բրոնզէ քանդակների նոր շարքը: “այցելուն” կարելի է դիտարկել իբրեւ մարդկութեան կղզի` ֆիգուրի ամբողջականացումը թողնելով դիտողի երեւակայութեանը: Քանդակի մակերեսին թողնուած արուեստագէտի մատնահետքերը ուռճեցուած են` ուժգնացնելով ստեղծագործութեան զգայական ազդեցութիւնը: Ֆրանսուա-քսաւիէ Լալանը (1927 - 2008) սկսել է իր ստեղծագործական ուղին Մոնպարնասում` բնանկարներից եւ դիմանկարներից: Ֆրանսուա-քսաւիէ Լալանի քանդակներն առանձնանում են աբսուրդի յատուկ շեշտադրութեամբ: Համաչափութիւնը խախտուած է, ուրուագծերն ու մանրամասերը` պարզեցուած: Արտառոց մասշտաբի եւ ենթատեքստի շնորհիւ “ծածանի” պէս քանդակները կարծես ոչ թէ բնութիւն են պատկերում, այլ գրականութիւն, հեքիաթ: Լալանի կենդանիները զուարճալի են եւ զարմանալի: Գաֆէսճէան արուեստի կենտրոնի (ԳԱԿ) առաքելութիւնն է ժամանակակից արուեստի լաւագոյն նմուշները բերել Հայաստան եւ աշխարհին ներկայացնել հայկական մշակոյթի լաւագոյնը: Ոգեշնչուելով իր հիմնադրի` Ջերարդ Գաֆէսճէանի տեսլականով, Կենտրոնը կազմակերպում է բազմազան ցուցահանդէսներ, որոնք ներկայացնում են Ջերարդ Գաֆէսճէանի ժամանակակից արուեստի լայնածաւալ հաւաքածուն: 2009 թուականի նոյեմբերին տեղի ունեցած բացումից առ այսօր Գաֆէսճէան արուեստի կենտրոնը, հաւատարիմ իր առաքելութեանը, ցուցադրում է ժամանակակից արուեստի իւրօրինակ գործեր, կազմակերպում դասախօսութիւններ, ֆիլմերի ցուցադրութիւններ, համերգաշարեր եւ կրթական ծրագրեր:
  -   Մշակոյթ