ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը


ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը

  • 02-11-2011 16:46:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Նոյեմբերի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը նշեց ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի 10-ամյակը: Միջոցառումը տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը եւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ստորագրեցին Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման մասին արարողակարգային հուշագիրը: Գառնու միջնադարյան կամրջի վերականգնման նպատակով Դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից 2011թ. հատկացվել է 110.000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում: Սա մինչ օրս հիմնադրամի ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացված ամենամեծ ծրագիրն է: Հյուրերը, պետական պաշտոնյաները եւ Հիմնադրամի ծրագրերի նախորդ տարիների շահառուները կարեւորեցին հիմնադրամի դերը Հայաստանի մշակութային ժառանգությունը եւ ընդհանուր համաշխարհային մշակույթը պահպանելու գործում: ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը ստեղծման գաղափարը հաստատվել է ԱՄՆ կոնգրեսի կողմից 2000թ. աշնանը եւ այդ ժամանակվանից ի վեր Հիմնադրամի ներքո իրականացվել են մշակութային արժեքների պահպանության 640 ծրագրեր աշխարհի 100 երկրներում, որոնց իրականացմանն ուղղվել է շուրջ 26 միլիոն ԱՄՆ դոլար: Հիմնադրամի օժանդակությամբ իրականացվում են մշակութային արժեքների պահպանությանն ուղղված բազմազան ծրագրեր, մասնավորապես` պատմական նշանակության շենքերի վերականգնում, թանգարանային հավաքածուների հաշվառում եւ պահպանում, հնաբանական վայրերի պահպանություն, անհետացման եզրին գտնվող ավանդական արվեստների, տեղական լեզուների/բարբառների պահպանությանն ուղղված աշխատանքներ եւ արխիվների ու ձեռագրերի պահպանման պայմանների բարելավում: Ըստ ՀՀ-ում ԱՄՆ դասպանատան մամլո հաղորդագրության, Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից ֆինանսավորվել են հետեւյալ ծրագրերը. • 2005թ. Կինո-ֆոտո-ֆոնո արխիվ. ջերմաօդային կարգավորման համակարգ Հայաստանի ազգային կինո-ֆոտո-ֆոնո արխիվի պահոցի համար • 2007թ. Տաթեւի գիտակրթական կենտրոն. 9-րդ դարի համալիրի տարածքի մաքրում եւ պատերի ամրացում • 2009թ. Նորատուսի միջնադարյան գերեզմանատուն. աշխարհում գոյություն ունեցող միջնադարյան խաչքարերի ամենամեծ հավաքածուի հաշվառում ու տարածքի պարսպապատում • 2010թ. Ազգագրական պարի եւ երգի պահպանություն (ընթացքի մեջ է) • 2011թ. Միջնադարյան քարե կամրջի պահպանություն Գառնու կիրճում
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play