Վարշավայում Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարարի հետ


Վարշավայում Հայաստանի փոխվարչապետը հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարարի հետ

  • 03-11-2011 20:20:05   | Լեհաստան  |  Տնտեսություն

Աշխատանքային այցով Լեհաստանում գտնվող Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը նոյեմբերի 3-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի տարածքային զարգացման նախարար Էլիզաբետա Բիենկովսկայայի հետ: Ըստ Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, կողմերը գոհունակություն են հայտնել հայ-լեհական միջպետական կանոնավոր հարաբերությունների առնչությամբ` նկատելով, որ երկու երկրների միջեւ առկա է բարձր մակարդակով փոխվստահելի քաղաքական երկխոսություն: Նշվել է, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու համագործակցությունը լավ հիմք է ստեղծում միջպետական հարաբերությունների համապարփակ զարգացման եւ փոխգործակցությունը բոլոր ուղղություններով խորացնելու համար: Երկուստեք նշվել է, որ առկա առեւտրաշրջանառության ծավալը չի գոհացնում կողմերին: Միաժամանակ արձանագրվել է, որ տնտեսական համագործակցության բնագավառում առկա ներուժի իրացման համար ձեւավորված է իրավապայմանագրային լավ հիմք: Կարեւորվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-լեհական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը, որի շրջանակում քննարկվում են փոխշահավետ ծրագրերի իրականացման հնարավորությունները: Երկկողմ շփումների ակտիվացմանը կնպաստի նաեւ լեհական LՕT ավիաընկերության կողմից իրակացվող Վարշավա-Երեւան չվերթը: Անդրադառնալով ԵՄ Արեւելյան գործընկերության ծրագրին` փոխվարչապետն ընդգծել է, որ այն նոր հարթություն է տեղափոխում Հայաստանի եւ Եվրամիության ու կառույցի անդամ երկրների միջեւ համագործակցությունը: Բարձր գնահատելով այս ծրագրում Լեհաստանի կարեւոր ներդրումն ու դերակատարությունը` նա հույս է հայտնել, որ Լեհաստանի նախագահության ընթացքում առաջընթաց կգրանցվի Արեւելյան հարեւանների հետ հարաբերություններում: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջեւ ապակենտրոնացված մակարդակով համագործակցության հաստատման, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումների գործընթացում լեհական փորձի կիրառմանն առնչվող հարցեր: Է. Բիենկովսկայան շնորհավորել է Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգի ձեւավորման 15-ամյակի կապակցությամբ` համակարգի հետագա բարեփոխումների գործում աջակցության պատրաստակամություն հայտնելով: Փոխվարչապետն իր հերթին նշել է, որ ապակենտրոնացման լեհական փորձն օգտակար կարող է լինել Հայաստանում ՏԻ ոլորտի բարեփոխումների համար: Դրական գնահատելով երկու նախարարությունների միջեւ սկիզբ առած գործակցությունը եւ 2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագիրը` կողմերը կարեւորել են այն առավել գործնական եւ ակտիվ դարձնելու անհրաժեշտությունը: Երկուստեք կարեւորվել է նաեւ երկու երկների ռեգիոնների միջեւ ուղիղ շփումների հաստատման եւ զարգացման, նրանց միջեւ տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտությունը: Նշվել է, որ այս ոլորտում արդեն առկա է համագործակցության փորձ. Հայաստանի մի շարք մարզեր եւ քաղաքներ համագործակցում են Լեհաստանի տարածքային միավորների հետ, եւ առկա են կապերը խորացնելու լավ նախադրյալներ: Դրական է համարվել Երեւանի եւ Վարշավայի միջեւ փոխշահավետ համագործակցության խորացումը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play