Կարեն Ավագյան. Բազմաժանր համերգներով փորձ է արվել իրական տոն ստեղծել երիտասարդների և ուսանողների համար


Կարեն Ավագյան. Բազմաժանր համերգներով փորձ է արվել իրական տոն ստեղծել երիտասարդների և ուսանողների համար

  • 16-11-2011 12:28:53   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 15-ին Սունդուկյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Երիտասարդության համաշխարհային օրվան եւ Ուսանողության միջազգային օրվան նվիրված ռոք համերգ, որը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը եւ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը։ Կատարումներով հանդես եկան «Դեղ», «Բամբիռ», «Դորիանս», «Ռեինկարնացիա» խմբերը։ Ըստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության, ռոք համերգին ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ներկաներին երիտասարդական տոների առթիվ, նշեց, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը բազմաժանր համերգներով փորձել են իրական տոն ստեղծել երիտասարդների եւ ուսանողների համար։ «Սա մեր գնահատականն է երիտասարդությանն ու ուսանողությանը, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում իրենց մասնակցությունը ներդնելու այն բոլոր գործընթացներում ու բարեփոխումներում, որ իրականացվում են մեր երկրում։ Ե′վ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, եւ′ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տարվա ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացնում՝ ուղղված երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը։ Չկա գեթ մեկ ոլորտ, որ այս կամ այն կերպ առնչվի երիտասարդներին, եւ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունն առանձին նախաձեռնությամբ հանդես չգա։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երիտասարդներին, ովքեր իրենց ժամանակը, իրենց երիտասարդական տարիները նվիրել են պետականաշինության գործընթացին։ Ես իմ շնորհակալությունն եմ հայտնում նաեւ այն երիտասարդներին, որոնք հասարակական եւ ուսանողական կազմակերպությունների միջոցով կարողանում են ծրագրեր իրականացնել եւ ինչ-որ խնդիր, ինչ-որ բեռ վերցնել իրենց վրա՝ շատ լավ գիտակցելով, որ երկրի տերն իրենք են։ Այս օրերին նախաձեռնած տոնական միջոցառումներով մենք փորձել ենք ամեն ինչ անել, որպեսզի մեր երիտասարդը ոգեւորված, գնահատված կարողանա շարունակել իր գործունեությունը»,- նշեց Կարեն Ավագյանը։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած համերգների շարքը կշարունակվի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրը. «Արամ Խաչատրյան» համերգասրահում կհնչի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ (մենակատար՝ Նիկոլայ Մադոյան, խմբավար՝ Սերգեյ Սմբատյան)։ Նոյեմբերի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հեղինակային երգի երեկո։
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play