Հայաստանում տեղի է ունեցել «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովը


Հայաստանում տեղի է ունեցել «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովը

  • 20-12-2011 18:53:43   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 17-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված 10 դպրոցների շուրջ 60 աշակերտ մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով Հայաստանում առաջին անգամ իրագործված «Մոդել ՅՈՒՆԵՍԿՕ» խորհրդաժողովին, որը կրում էր «Երեխաները հանուն միջմշակութային երկխոսության» խորագիրը: Ըստ ՀՀ ԱԳՆ Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կաերի վարչության հաղորդագրության, խորհրդաժողովը կայացել է Երեւանի պետական համալսարանի Պալյանների դահլիճում: Այն ներկայացրել է ՄԱԿ-ի տնտեսական եւ սոցիալական խորհրդի խորհրդաժողովի նմանակումը, որի ընթացքում մասնակիցները հանդես են եկել ՄԱԿ-ի անդամ պետությունների դեսպանների դերում եւ քննարկել կազմակերպության, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրակարգի երկու կարեւորագույն թեմաներ. Կրթություն հանուն կայուն զարգացման. հանդուրժողականության ուսուցում, Մարդու իրավունքներ. երեխաների թրաֆիքինգ: Խորհրդաժողովին ներկա են եղել ՀՀ կրթության եւ գիտության, Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչները, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների տնօրենները եւ համակարգող ուսուցիչները: Գլխավոր խորհրդաժողովի բացման արարողությանը ելույթով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի նախագահ Արմինե Պոդոսյանը, ինչպես նաեւ ընթերցվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանից ստացված ուղերձը: Խորհրդաժողովի նախագահի ողջույնի խոսքից հետո սկսվել է Տնտեսական եւ սոցիալական խորհրդի լիագումար նիստի նմանակումը, որի ընթացքում անդամ երկրների «դեսպանները» հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով: Լիագումար նիստին հետեւել են քննարկումները համապատասխան կոմիտեներում: Դրանք ի հայտ են բերել խորհրդաժողովի մասնակիցների հարուստ գիտելիքները ոչ միայն ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի, Տնտեսական եւ սոցիալական խորհրդի եւ դրա ընթացակարգերի, այլեւ ՄԱԿ-ի անդամ երկրների պատմության, մշակույթի, աշխարհագրության, արտաքին քաղաքականության վերաբերյալ: Խորհրդաժողովի ավարտին ընթերցվել են երկու կոմիտեներում ընդունված հայտարարությունները, որից հետո ամփոփիչ ելույթով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի անդամ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասոցացված դպրոցների ազգային համակարգող Ստելլա Մելքոնյանը եւ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը: Միջոցառման վերջում տեղի է ունեցել մրցանակների շնորհման արարողություն:
Նոյյան տապան  -   Հասարակություն