Մարտի 10-12-ին Երեւանում կանցկացվի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը


Մարտի 10-12-ին Երեւանում կանցկացվի «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը

  • 21-02-2011 15:52:41   | Հայաստան  |  Տնտեսություն
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարտի 10-12-ին կազմակերպում է «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը, որը տեղի կունենա Մոսկվայի տանը (հասցե` Արգիշտի 7)։ «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»-ը կցուցադրի ապրանքներ եւ ծառայություններ, որոնք գործարարներին կաջակցեն բարձրացնել ձեռնարկություններում էներգաարդյունավետությունը` խթանելով հետագա զարգացումը: «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսի հիմնական նպատակը Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է, հատկապես փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում, Էներգաարդյունավետ սարքավորումների վերջին նմուշների եւ նորարար տեխնոլոգիաների ցուցադրումը, տեղական ռեսուրսների օգտագործման ծավալների աճին եւ էներգաարդյունավետ սարքավորումների արտադրությանը աջակցումը, արտադրող-սպառող հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ այս հարցերի վերաբերյալ հանրային իրազեկումը: «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» մասնագիտական միջոցառմանը կներգրավվեն բանկեր եւ վարկային կազմակերպություններ, որոնք նախատեսում են մշակել էներգարդյունավետությանն ուղղված ֆինանսական գործիքներ, ինչպես նաեւ էներգաարդյունավետ սարքավորումների եւ տեխնոլոգիաների տեղական եւ միջազգային արտադրողներ եւ ներմուծողներ, ներդրողներ, ոլորտի առաջատար փորձագետներ, գիտնականներ: «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» ցուցահանդեսը նոր կապերի հաստատման հնարավորություն կընձեռի ոլորտի մասնակիցներին, ինչպես նաեւ հնարավորություն կտա ծանոթանալու արդի տեխնոլոգիական ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին եւ հնարավորություններին: Ցուցահանդեսի ընթացքում կներկայացվեն արդի էներգաարդյունավետ սարքավորումներն ու տեխնոլոգիաները, ներառյալ` 1. ջերմամեկուսիչ նյութեր, 2. ջեռուցման եւ օդափոխության սարքավորումներ, 3. էներգախնայող լուսային համակարգեր, 4. էներգառեսուրսների օգտագործման ավտոմատ համակարգեր եւ այլն: Միջոցառման ընթացքում կազմակերպվելու են շնորհանդեսներ, քննարկումներ եւ կլոր սեղաններ: Մասնակցությունը ցուցահանդեսին անվճար է: «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»-ը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի կողմից, որը մշակվել է էներգաարդյունավետության ու վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար կայուն շուկա հիմնելու եւ Հայաստանի էներգետիկ ինքնաբավությանը նպաստելու նպատակով: Ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի ֆինանսների նախարարության կողմից:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play