Գագիկ Բաղդասարյանը կշարունակի կատարել իր պատգամավորական լիազորությունները


Գագիկ Բաղդասարյանը կշարունակի կատարել իր պատգամավորական լիազորությունները

  • 27-02-2012 15:56:28   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը փետրվարի 17-ին հետ է վերցրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին իր դիմումը: Այս մասին խորհրդարանի փետրվարի 27-ի նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը: ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն, պատգամավորը կարող է հրաժարականի հրապարակումից հետո` 15 օրվա ընթացքում, հետ վերցնել հրաժարականի մասին իր դիմումը: Ըստ այդմ, Գ.Բաղդասարյանը կշարունակի կատարել իր պատգամավորական լիազորությունները մինչեւ ներկայիս գումարման ԱԺ-ի լիազությունների ժամկետի ավարտը: Հիշեցնենք, որ Գ.Բաղդասարյանը փետրվարի 7-ին դիմում էր ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին: Դրան նախորդել էր «Օրինաց երկիր» կուսակցության նույն օրը տարածած հաղորդագրությունը, ըստ որի կուսակցության համամասնական ցուցակից ընտրված պատգամավոր Գ.Բաղդասարյանը հեռացվել է կուսակցությունից` «կուսակցության որդեգրած քաղաքական գծին ոչ համահունչ վարքագծի համար»: «Ի սկզբանե մտադրությունս այնպիսին էր, որ ուզում էի մանդատը վայր դնել եւ հեռանալ այն մարդկանցից, ում գործելակերպն ինձ համար ընդունելի չի այլեւս: Նախկինում էլ շատ տարաձայնություններ են եղել, բայց ես միշտ համբերում էի, փորձում էի ինչ-որ կոմպրոմիսային լուծումներ գտնել այդ ամբողջին, բայց երբ իսկապես «դանակը ոսկորին հասավ», երբ որ սկսեցին ինձ անտեղի փնովել, անպարկեշտ պիտակներ փակցնել, որոշեցի ընդամենը հեռանալ: Բայց քանի որ իմ արած քայլից հետո սկսեցին («Օրինաց երկիր»-ը) ինձ բառիս բուն իմաստով քարկոծել, որոշեցի, որպեսզի ինքս կարողանամ ինձ պաշտպանել, հետ վերցնել մանդատս եւ փորձել սահմանադրական իրավունքներս իրացնել այնպես, ինչպես թույլ է տալիս ԱԺ կանոնակարգը»,- «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց այլեւս անկուսակցական պատգամավորը: Նա հայտնեց նաեւ, որ որեւէ կուսակցության չի անդամագրվելու, իսկ առաջիկա խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել-չառաջադրվելու հարցը կորոշի ընտանիքի անդամների հետ միասին: Առաջադրվելու դեպքում դա, բնականաբար, կանի Երեւանի իր «հարազատ Աջափնյակից»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play