Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Հայաստանում


Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիան Հայաստանում

  • 06-03-2012 17:09:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Փետրվարի 28-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի առողջապահական ծառայությունների հետազոտման եւ զարգացման կենտրոնը (ՀԱՀ/ԱԾՀԿ) կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Ծխելու դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (ԾՊՇԿ) ուժի մեջ մտնելու տարեդարձին: ՀԱՀ/ԾՊՇԿ հակածխախոտային ծրագրերի ղեկավար Նարինե Մովսիսյանը ներկայացրեց «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիա. իրականացման խոչընդոտները Հայաստանում» զեկույցը: Զեկույցն անդրադառնում է միջազգային պայմանագրի հոդվածներից երեքին, որոնց համար վերջնաժամկետներ է սահմանված: Վերլուծությունը վկայում է, որ չնայած Հայաստանում ԾՊՇԿ-ի վավերացմանը հաջորդած մի շարք օրենսդրական բարեփոխումներին՝ դեռեւս ազգային օրենսդրության եւ ԱՀԿ ԾՊՇԿ-ի միջեւ առկա են մի շարք լուրջ անհամաձայնություններ: Մասնավորապես, համաձայն ԾՊՇԿ Հոդված 8-ի՝ բոլոր փակ աշխատավայրերում աշխատողների եւ հասարակական վայրերում քաղաքացիների պաշտպանությունը ծխախոտի ծխի վնասարար ազդեցությունից պետք է երաշխավորված լինի օրենքով: Այնուամենայնիվ, գործող օրենսդրությունը չի ապահովում այդպիսի պաշտպանություն հանրային սննդի եւ ժամանցի հաստատություններում: Բացի այդ, ըստ ԾՊՇԿ Հոդված 13-ի` Կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում պետությունը պետք է ամբողջությամբ արգելի ծխախոտային արտադրատեսակների գովազդը, վաճառքի խթանումը եւ հովանավորությունը: Այնուամենայնիվ, կառավարության կողմից մշակված օրենսդրական փաթեթի նախագիծը, որը լրացնում էր մի շարք օրենսդրական բացթողումները, հետ է կանչվել Ազգային ժողովից-ից: Վերջապես, Հայաստանում առկա ծխախոտային ապրանքատեսակների փաթեթավորումը եւ պիտակավորումը թեեւ համապատասխանում է ԾՊՇԿ նվազագույն պահանջներին, սակայն չի արտացոլում միջազգային լավագույն փորձը այդ ոլորտում: Քննարկմանը մասնակցեցին ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) հանրային առողջության բաժնի պետ եւ ՀՀ ԱՆ ծխելու դեմ պայքարի ծրագրի համակարգող Ալեքսանդր Բազարչյանը, ՀՀ Արդարադատության նախարարության օրենսդրության վերլուծության եւ կատարելագործման վարչության պետ Կարեն Հակոբյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի առաջատար մասնագետ Սերգեյ Հարությունյանը, ՀՀ ԱՆ հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողության տեսչության գլխավոր մասնագետ Լուսինե Քոչարյանը, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ընտանիքի եւ հանրային առողջապահության ծրագրերի ղեկավար Հենրիկ Խաչատրյանը եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Քննարկման մասնակիցներն արտահայտեցին իրենց մտահոգությունը Հայաստանում ԾՊՇԿ-ի իրականացման դանդաղեցման կապակցությամբ՝ նշելով, որ այն բավարար չէ Հայաստանում ծխելու բարձր տարածվածությունը եւ դրա աղետալի հետեւանքները հաղթահարելու համար եւ գործընթացը խթանելու վերաբերյալ ներկայացրին մի շարք առաջարկներ:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play