Խորհրդարանական ընդդիմությունը հորդորում է հրաժարվել վիճահարույց օրինագիծը քվեարկության դնելու մտադրությունից


Խորհրդարանական ընդդիմությունը հորդորում է հրաժարվել վիճահարույց օրինագիծը քվեարկության դնելու մտադրությունից

  • 20-03-2012 15:46:17   | Հայաստան  |  Քաղաքական

Ազգային ժողովը մարտի 20-ին միաձայն որոշմամբ` 73 «կողմ» ձայներով, ընդունեց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի առարկությունը: Հիշեցնենք, որ երկրի ղեկավարը չէր ստորագրել ԱԺ-ի կողմից փետրվարի 6-ին ընդունված վերոհիշյալ օրենսդրական փաթեթը եւ առարկությամբ այն վերադարձրել խորհրդարան: Խորհրդարանն ընդունեց նաեւ նախօրեին քննարկված օրինագծերը, բացառությամբ կառավարության կողմից ներկայացված մեկ այլ վիճահարույց` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», օրենսդրական փաթեթի: Նիստը նախագահող ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այն քվեարկության չդրեց: Պատճառը նիստին կոալիցիոն պատգամավորների ոչ բավարար մասնակցությունն էր: Իրավիճակը չփրկեց նաեւ քվեարկությունից առաջ «ՀՀԿ» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի առաջարկով հայտարարված 20-րոպեանոց ընդմիջումը: Հիշեցնենք, որ հիմնական ընդդիմախոսները` «ՀՅԴ» եւ «Ժառանգություն» խմբակցությունները, անընդունելի եւ Սահմանադրությանը հակասող են համարում արտակարգ դրության ժամանակ օրենքով նախատեսված` զինված ուժերի հնարավոր օգտագործումը: «Այն հանգամանքը, որ ԱԺ ղեկավարությունը նույնիսկ 20 րոպե ընդմիջումից հետո նկատեց, որ այն օրենքը, որը մեր հասարակության համար, ոչ միայն ընդդիմության, բացարձակապես ընդունելի չի, որոշեցիք չդնել քվեարկության: Այսինքն` պարզ է բոլորիդ, որ դա լավ օրենք չի: Ինչո՞ւ եք ուզում զոռով անցկացնել: Թող հետ տանեն նորից: Վերջապես` այն փոփոխությունները, որ առաջարկել էինք, չեն արվել: Դուք էլ եք դա տեսնում»,-հայտարարեց «ՀՅԴ» խբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանն էլ նկատեց. «Եթե մյուս օրենքները քվեարկության դնելու հետ կապված չկան խնդիրներ, եւ, ինչպես տեսաք, մեկ տասնյակից ավել քվեարկություններ կատարվեցին, եւ եթե նույն տրամաբանությամբ դուք չհետաձգեցիք դրանց քվեարկությունը, իսկապես նշանակում է` «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքն ուղղակի վտանգված է, վտանգված է ոչ միայն ընդունման, այլ նաեւ հետագայում իր գործունեության առումով: Ես հորդորում եմ ձեզ մեկընդմիշտ հրաժարվել այն քվեարկության դնելու մտքից եւ խորհուրդ կտամ, որպեսզի խորհրդարանական մեծամասնությունը հանդես գա բարձրագույն ղեկավարության առջեւ` ետ տանելու այս օրենքը կամ հանելու առնվազն այն, ինչի մասին մի քանի ամիս է խոսում են խորհրդարանական ընդդիմությունը եւ հասարակությունը»: Ընդդիմադիր պատգամավորներին հակադարձեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. «ԱԺ նախագահությունը գործում է ԱԺ կանոնակարգ-օրենքի շրջանակներում, եւ չի նշանակում, որ եթե մի քվեարկություն կամ գործունեություն չի բխում այս կամ այն քաղաքական ուժի` լինի դա իշխանություն, թե ընդդիմություն, շահերից, ուրեմն դա ԱԺ կանոնակարգի խախտում է: Դա չի նշանակում, որ եթե որեւէ մի օրենքի նախագիծ չի բխում ընդդիմության շահերից, ուրեմն դա հակաժողովրդական է»: «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանն ընդգծեց, որ երկրի ղեկավարը լսեց հասարակության խորհուրդները եւ «ետ կանչեց մի օրենք, որի վերաբերյալ հասարակությունն ուներ միանշանակ բացասական վերաբերմունք»: Նա կոչ արեց ԱԺ փոխնախագահին եւ քաղաքական մեծամասնությանը. «Գոնե օրինակ վերցրեք: Հասարակությունը միանշանակ սրան դեմ է, եւ դուք պարտավոր եք դրա հետ հաշվի նստել»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play