Սարիբեկ Սուքիասյան. Եղբայրս հորդորեց ինձ ընդունել ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելու որոշում


Սարիբեկ Սուքիասյան. Եղբայրս հորդորեց ինձ ընդունել ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելու որոշում

  • 29-03-2012 16:07:43   | Հայաստան  |  Քաղաքական
Սարիբեկ Սուքիասյանը՝ Խաչատուր Սուքիասյանի եղբայրը հանդես է եկել հայտարարությամբ, որում հանրությանը տեղեկացրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու առաջադրվելու իր շարժառիթների մասին: Որպես պատգամավորության թեկնածու առաջադրվելու առաջին շարժառիթ նա համարում է իր եղբորը` Խաչատուր Սուքիասյանին որպես պատգամավորության թեկնածու չգրանցելը, ինչը նա համարում է անօրինական, մարդու իրավունքների կոպիտ խախտում եւ քաղաքական հետապնդում: «Այդ քայլը մեծ դժգոհություն է առաջացրել ընտրողների, հասարակության լայն շրջանակներում եւ, իհարկե, մեզ մոտ: Դա ես հերթական հաշվեհարդար եմ համարում Խաչատուրի հանդեպ նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով եւ գտնում եմ, որ պետք է պայքարեմ այդ անարդարության դեմ` շարունակելով նրա պատգամավորական գործունեությունը»,- նշել է Սարիբեկ Սուքիասյանը: Որպես թեկնածու առաջադրվելու երկրորդ շարժառիթ Սարիբեկ Սուքիասյանը նշել է, որ Խաչատուր Սուքիասյանի համար ամենեւին էլ ինքնանպատակ չէր խորհրդարանում լինելը, նա տնտեսությանը վերաբերող բազմաթիվ օրինագծեր, նախաձեռնություններ, ծրագրեր ունի եւ ցանկանում է, որպեսզի այդ ծրագրերն իրականանան: «Եվ եղբայրս հորդորեց ինձ ընդունել այս որոշումը»,- հավելել է Սարիբեկ Սուքիասյանը: Երրորդ շարժառիթը, ըստ Ս. Սուքիասյանի, այն է, որ բոլորը շատ լավ գիտեն, որ այս ընտրատարածքում միշտ եղել է սուր, բայց քաղաքակիրթ մրցակցություն մի քանի թեկնածուների միջեւ: «Եվ մենք ցանկանում ենք, որ այդ արդեն ձեւավորված ավանդույթը այսուհետ եւս շարունակվի»: ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրվելու չորրորդ շարժառիթը «նաեւ ինչ-որ չափով արձագանք է հասարակության պահանջին: Համոզված եմ, որ ընտրողների քվեն ստանալու դեպքում կարող եմ արդյունավետ աշխատել Ազգային ժողովում: Ունեմ աշխատելու, ղեկավարելու մեծ փորձ, լավ պատկերացնում եմ տնտեսությունը, գիտեմ տնտեսությանը խոչընդոտող գործոնները, որոնք կարելի է մեղմացնել կամ վերացնել` կատարելագործելով եւ բարելավելով օրենսդրությունը: Իմ շուրջը համախմբված տնտեսագետների ու իրավաբանների արհեստավարժ թիմը կօգնի ինձ իրականացնելու իմ պատգամավորական գործառույթները»,- նշել է Սարիբեկ Սուքիասյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play