Ալեքսանդր Մանթաշով. «Պապս հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում»


Ալեքսանդր Մանթաշով. «Պապս հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երևանում է տեղադրվում»

  • 18-04-2012 12:59:26   | Հայաստան  |  Հասարակություն

Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Ալեքսանդր եւ Միքայել Մանթաշովներին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երեւան են ժամանել հայազգի մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի թոռը՝ Ալեքսանդր Մանթաշովը ու նրա որդին՝ Միքայել Մանթաշովը՝ մասնակցելու բարերարի արձանի բացման արարողությանը: Տարոն Մարգարյանը Մանթաշովներին հյուրընկալել է Երեւանի քաղաքապետարանում եւ շնորհակալություն հայտնել հյուրերին՝ հրավերն ընդունելու համար: <<Ալեքսանդր Մանթաշյանցին ողջ հայ ժողովուրդն է ճանաչում որպես բարերարի ու մեծ հայրենասերի: Մեծահարուստներ շատ է ունեցել հայ ժողովուրդը, բայց Մանթաշյանցը այն քչերից է, ում հայերս առիթ ունենք երախտապարտ լինելու հայրենանվեր գործունեության համար: Մեզ համար պատիվ է Երեւանի ամենապատմական փողոցում Մանթաշյանցի արձանը կանգնեցնելը: Վստահ եմ, որ երեւանցիները մեծ հպարտությամբ կընդունեն մեծանուն բարերարի արձանը>>,- նշել է քաղաքապետը: Ալեքսանդր Մանթաշովը ողջ ընտանիքի անունից շնորհակալություն է հայտնել քաղաքապետին՝ այս նախաձեռնության համար: <<Պապս ապրել է Թբիլիսիում, մահացել է Սանկտ-Պետերբուրգում եւ վստահ եմ, որ հպարտ կլիներ, որ իր արձանը, որպես մի մասունք իրենից, Երեւանում է տեղադրվում>>,- ասել է Ալեքսանդր Մանթաշովը: Քաղաքապետը փարիզաբնակ Մանթաշովներին հրավիրել է հաճախ այցելել Երեւան: <<Երրորդ անգամ եմ Երեւանում. առաջին անգամ 1973 թվականին են այցելել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով. երկրորդ անգամ 10 տարի առաջ եմ եղել Երեւանում: Ուրախ եմ տեսնել, որ Երեւանը այսքան գեղեցկացել եւ զարգացել է. շատ գեղեցիկ քաղաք է: Բնակիչներն էլ էներգիայով լեցուն են եւ կարծում եմ կօգնեն Ձեզ՝ քաղաքի շարունակական զարգացման գործում>>,- ընդգծել է Ալեքսանդր Մանթաշովը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Տարոն Մարգարյանը եւ Ալեքսանդր ու Միքայել Մանթաշովները ապրիլի 18-ին, ժամը 17:00-ին մասնակցելու են Աբովյան փողոցում Ալ. Մանթաշյանցի արձանի բացման արարողությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play