Աղվան Հովսեփյան. «Մենք կհարատևենք այնքան, որքան պահպանված կլինի և կհարատևի մեր ժառանգությունը»


Աղվան Հովսեփյան. «Մենք կհարատևենք այնքան, որքան պահպանված կլինի և կհարատևի մեր ժառանգությունը»

  • 18-04-2012 22:52:27   | Հայաստան  |  Մշակույթ

Ապրիլի 18-ին «Էրեբունի» պատմահանգիտական արգելոց-թանգարանում նշվել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը` «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսի բացմամբ: Այն այցելուին է ներկայացնում 15 երկրների 20 հնագիտական վայրեր, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ողջունելով ներկաներին` արգելոց-թանգարանի տնօրեն Գ. Գյուրջյանը մասնավորապես կարեւորեց Հայաստանի անդամակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիային, որի 40-րդ տարեդարձը նշվում է այս տարի: Ըստ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հաղորդագրության, Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի` որպես մշակութային բազմազանությունների խրախուսման արդյունավետ գործիքի մասին խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը. նա նաեւ շեշտադրել է համաշխարհային ժառանգության պահպանության գործում տեղական համայնքների դերն ու կարեւորությունը: Միջոցառմանը ներկա ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադարձել է ժառանգության պահպանության պատասխանատվության խնդրին` նշելով. «Մենք կհարատեւենք այնքան, որքան պահպանված կլինի եւ կհարատեւի մեր ժառանգությունը»: Ժառանգության հայ պահապաններին շնորհավորել եւ ներկաներին ողջունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար տկն Վասիլիկի Դիկիպուլոն: Նշելով, որ Հունաստանի մշակույթը դա աշխարհի մշակույթն է` նա կոչ է արել համատեղ ջանքերով նպաստել աշխարհի ժառանգության պահպանությանը: «Համաշխարհային ժառանգության հնագիտական վայրերը» ցուցահանդեսը ներկայացնում է հնագիտական վայրեր Հունաստանից, Պերուից, Հունգարիայից, Գվատեմալայից, Իրանից, Թունիսից, Թուրքիայից, Նորվեգիայից, Ղազախստանից, Ճապոնիայից, Չինաստանից, Ֆինլանդիայից, Աֆղանստանից եւ Գերմանիայից: Ցուցադրությունը սկսվում է Զվարթնոցի հնավայրի ներկայացմամբ, որը 2000 թվականին գրանցվել Համաշխարհային ժառանգության ցուցակում: Ցուցահանդեսի 1-ին այցելուներն այսօր «Ունիսոն» հասարակական կազմակերպության անդամներն էին, ովքեր թանգարան մուտք են գործել թանգարանի կողային ճակատից դեպի ցուցասրահ տանող նորակառույց թեքահարթակով: Կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը տեղաշարժման սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց անունից իր երախտագիտությունն է հայտնել Երեւանի քաղաքապետարանին եւ արգելոց-թանգարանին` մշակութային այս օջախն իրենց հասանելի դարձնելու համար: Թանգարանը հյուրընկալել էր նաեւ «Փարոս» կամերային երգչախմբին, որի համերգային ծրագիրն ավարտվել է «Էրեբունի Երեւան» երգով: Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2012թ. սեպտեմբերի 1-ը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play