140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ


140 շենքերի լվացման, ներկման և բարեկարգման աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ

  • 04-06-2012 15:15:38   | Հայաստան  |  Տնտեսություն

Մայրաքաղաքում աղբահանության վճարների հավաքագրման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով այսօր տարբեր վարչական շրջաններում կիրառվում են տարբեր մոդելներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ առաջիկայում կուսումնասիրվեն բոլոր այդ մոդելներն ու ամենաարդյունավետը կկիրառվի համակարգում: Վերջին տարիների ընթացքում մայրաքաղաքում նկատելի են փոփոխությունները աղբահանության կազմակերպման ոլորտում, ինչի ապացույցը բնակիչների բողոքների թվի նվազման միտումն է, նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ. <<Եթե նախկինում աղբահանության կազմակերպման մասով թեժ գծին ուղղված զանգերի քանակը գերազանցում էր 1000-ը, ապա այսօր դրանց թիվը կտրուկ նվազել է: Սա արդեն իսկ շոշափելի արդյունք է ոլորտում: Բնակիչները տեսնում են կատարվող աշխատանքը եւ վճարում են պատշաճ սպասարկման համար>>,-շեշտել է Տարոն Մարգարյանը: Անդրադառնալով 2011 թվականի ընթացքում մայրաքաղաքի փողոցներում իրականացված ճաքալցման եւ ասֆալտբետոնե ծածկույթի վերականգնման աշխատանքներն անորակ եւ թերի կատարած կազմակերպություններին՝ շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ այդ կազմակերպություններից 4-ը պարտավորվել են սահմանված ժամկետում շտկել եւ ավարտել ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքները: Զեկուցվել է նաեւ, որ պարտավորություններից խուսափող ընկերությունները օրենքով սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության: Ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են Ուլնեցու փողոցից Ռուբինյանց փողոց տանող 2.5 կմ երկարությամբ շրջանցիկ նոր ավոտճանապարհի, ինչպես նաեւ Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող ավտոմայրուղու կառուցման աշխատանքները: Շարունակվում է ամենօրյա հսկողությունը մայրաքաղաքի հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի նկատմամբ: Անցյալ շաբաթվա ընթացքում դադարեցվել է 2 երթուղիների տեխնիկապես անսարք 6 մեքենաների շահագործումը: Զեկուցվել է նաեւ, որ նախորդ շաբաթ կայացել են Երեւանի ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների առաջին մրցույթները: Երթուղիներ դուրս կգան բացառապես այն շարժակազմերը, որոնք կհամապատասխանեն սահմանված չափանիշներին եւ մասնագիտական հանձնաժողովի կողմից առավել բարձր միավորներ կստանան: Երեւանի բակային տարածքներում շարունակվում են բարեկարգման, կանաչապատման, ինչպես նաեւ նոր խաղահրապարակների կառուցման ու մարզական խաղերի տեղադրման աշխատանքները: Զեկուցվել է, որ նախատեսված ծրագրով մինչ օրս բակային տարածքներում տեղադրվել է 55 խաղ եւ 345 մարզասարք: Մայրաքաղաքի արտաքին տեսքի բարեկարգման ծրագրի շրջանակում զեկուցվել է, որ նախատեսված ժամկետից անհամեմատ շուտ կավարտվեն 140 շենքերի լվացման, ներկման եւ բարեկարգման աշխատանքները: Կանաչ տարածքների ու սիզամարգերի ծաղկապատման, Երեւանի մուտքերին հարող տարածքների կանաչապատման մասով զեկուցվել է, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը կանաչ գոտիների պահպանման ու խնամքի ավելացման հետեւողական պահանջ է դրել` ընդգծելով հատկապես մայրաքաղաքի ոռոգման համակարգի վերանորոգման ու ընդլայնման անհրաժեշտությունը: Ոռոգումն արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է արդյունավետորեն օգտագործել բոլոր ռեսուրսները, մասնավորապես` մետրոպոլիտենի կայարաններում կուտակվող ջրային պաշարները եւ վերականգնել առկա չգործող պոմպակայանները: Մայրաքաղաքում գույքագրված եւ վերագործարկման ենթակա շատրվանների վերանորոգման նպատակով քաղաքապետը հանձնարարել է հետեւողական աշխատանք տանել մասնավոր ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել ներդրումային ծրագրերի շրջանակում աջակցել այդ հարցում: Պարբերաբար հսկողություն է իրականացվում տնտեսվարողների կողմից իրենց օբյեկտների հարակից հատվածները բարեկարգելու, կանաչապատելու եւ խնամելու ուղղությամբ: Զեկուցվել է, որ ինչպես տնտեսվարողների, այնպես էլ բնակչության կողմից նկատելի է կատարված աշխատանքների եւ քաղաքային ծրագրերի հանդեպ դրական վերաբերմունքը, ինչը լրացուցիչ խթան է հանդիսացել բարեկարգման ծրագրերում բնակիչների առավել ակտիվ մասնակցության համար: Քաղաքապետը հանձնարարել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մասով ներկայացնել ծրագիր: Թեեւ այդ նպատակով Երեւան քաղաքի բյուջեով նախատեսված են միջոցներ, սակայն հանձնարարվել է համաֆինանսավորման սկզբունքով այդ աշխատանքներում ներգրավել նաեւ համատիրություններին, ինչի հաջողված փորձն արդեն կիրառվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հանգստյան օրերին երեւանցիների առօրյան առավել հագեցած անցկացնելու նպատակով մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում մեկնարկել են սպորտային միջոցառումները:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play