Կայացավ Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը


Կայացավ Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը

  • 04-09-2012 12:50:52   | Հայաստան  |  Քաղաքական

Սեպտեմբերի 4-ին կայացավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ պաշտոնական այցով Երեւան ժամանած Արգենտինայի նախարար Հեկտոր Մարկոս Թիմերմանի հանդիպումը: Ողջունելով հյուրին, նախարար Նալբանդյանը ասաց. «Այս տարի մենք նշում ենք հայ-արգենտինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 ամյակը, եւ կարող ենք արձանագրել, որ Արգենտինայի հետ այս տարիներին մենք ունեցել ենք բավական ինտենսիվ շփումներ: Մենք կարեւորում ենք հայ-արգենտինյան փոխգործակցության զարգացումը. դրա մասին խոսում է այն փաստը, որ Լատինական Ամերիկայում առաջին դեսպանատունը մենք բացեցինք հենց այդ երկրում, Արգենտինան առաջին լատինաամերիկյան երկիրն է, որի հետ մենք վերացրել ենք մուտքի արտոնագրային ռեժիմը: Իր հերթին, Արգենտինայի դեսպանատունը Հայաստանում առաջինն էր Հարավային Կովկասում: Երկու երկրների միջեւ ստորագրվել են երկու տասնյակից ավելի փաստաթղթեր, Արգենտինան Հայաստանի տնտեսության մեջ խոշոր ներդրողներից է:» Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի եւ ջերմ ընդունելության համար նախարար Թիմերմանն ասաց, որ Արգենտինան ցանկանում է խորացնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ եւ առավել բարձրացնել միջպետական փոխգործակցության մակարդակը: Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից նախարարները կարեւորեցին բազմահազարանոց արգենտինահայ համայնքի դերակատարությունը: Հայաստանի եւ Արգենտինայի արտաքին գործերի նախարարները անդրադարձան երկկողմ փոխգործակցության զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: Պայմանավորվեցին շարունակել աշխատանքները երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտն ընդլայնելու ուղղությամբ, ամրապնդել միջազգային կազմակերպություններում համագործակցությունը, առեւտրատնտեսական, մշակութային եւ գիտակրթական փոխգործակցությունը։ Հեկտոր Թիմերմանը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրեց Արգենտինայի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների, լատինաամերիկյան տարածաշրջանում զարգացումների եւ դրանց վերաբերյալ իր երկրի մոտեցումների մասին: Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախարարները համակարծիք էին, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն միմիայն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության եւ Արգենտինայի Հանրապետության սպորտի քարտուղարության միջեւ սպորտի բնագավառում համագործակցության մասին, ապա հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play