Պարգևատրվում են արժանավորները.Կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ


Պարգևատրվում են արժանավորները.Կառավարությունը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ

  • 20-09-2012 13:57:21   | Հայաստան  |  Սպորտ

2012 թ. Ստամբուլում կայացած շախմատի համաշխարհային օլիմպիադայում հաղթող ճանաչված Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքական թիմի անդամներ Լեւոն Արոնյանին, Սերգեյ Մովսիսյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին եւ Տիգրան Պետրոսյանին 20-ական մլն դրամ մրցանակ հանձնելու, ինչպես նաեւ թիմի մյուս պատասխանատուներին պարգեւատրելու համար կառավարությունը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացրել է 114 մլն դրամ։ Արդեն 12-րդ տարին է, ինչ անցկացվում են «Տարվա լավագույն դաստիարակ» եւ «Տարվա լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթները, որոնց հաղթողներին կառավարությունը պարգեւատրում է ավտոմեքենայով։ Այս տարվա հաղթողներին մեկական «Շեւրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենա նվիրելու նպատակով գործադիրը ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել է 11 մլն 900 հազար դրամ։ Կառավարությունը համաձայնություն է տվել Երեւանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող Աբովյան պուրակի հարակից տարածքում 360 քմ մակերեսով եւ 14 մլն 40 հազար ՀՀ դրամով հողամասը նվիրաբերելու «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին։ Որոշման ընդունումը պայմանավորված է անվանի գրողի տուն-թանգարանը կառուցելու անհրաժեշտությամբ։ Գործադիրն իր որոշմամբ գումարներ է հատկացրել 2012 թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության 21-ամյակին նվիրված տոնական համերգի, ինչպես նաեւ Հայաստանի էստրադային նվագախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգի կազմակերպման համար։
Նոյյան տապան  -   Սպորտ