ՀՀ կառավարություն. Կանոնակարգվում են առողջապահության բնագավառի բիզնես գործընթացները


ՀՀ կառավարություն. Կանոնակարգվում են առողջապահության բնագավառի բիզնես գործընթացները

  • 20-09-2012 14:08:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկը շարադրել է նոր խմբագրությամբ, ինչի անհրաժեշտությունը թելադրված է առողջապահության բնագավառում իրականացվող բիզնես գործընթացներով։ Մասնավորապես, սահմանվում են Հայաստանում դեղերի արտադրության, դեղատնային գործունեության, բժշկական օգնության եւ սպասարկման, բժշկական նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական եւ բարձրագույն (մասնագիտական) կրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ արտոնագրման կարգերը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը, որով ակնկալվում է հնարավորինս կանոնակարգել նշված հետազոտությունների իրականացումը։ Այլ որոշումներ 2013 թ. սեպտեմբերի 24-29-ը Աստանայում կայանալիք «Երիտասարդների ավյունը» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 7-րդ Դելփյան խաղերին ՀՀ պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 7 մլն դրամ (մասնակիցների կեցության ծախսը հոգում են կազմակերպիչները)։ Դելփյան խաղերն անցկացվում են սկսած 2002 թվականից։ Հայաստանը մասնակցել է բոլոր խաղերին եւ թիմային հաշվարկով զբաղեցրել պատվավոր տեղեր։ ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «2009 թ. նոյեմբերի 20-ի Անկախ Պետությունների Համագործակցությունում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրության կնքման առաջարկությանը։ Այն թելադրված է 2012 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած ԱՊՀ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի նոր խմբագրությամբ։ Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության եւ Էկվադորի Հանրապետության կառավարությունների միջեւ մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձ վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարությունն իր նիստում ընդունել է Շիրակի մարզի Գոգհովիտի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու եւ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play