Գյումրեցի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին աջակցում են բարերարները


Գյումրեցի անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքներին աջակցում են բարերարները

  • 02-11-2012 13:05:34   | Շիրակի մարզ  |  Բարեգործություն

Տարբեր միջազգային եւ տեղական կազմակերպություններ, ինչպես նաեւ անհատ բարերարներ եւ գործարարներ շարունակում են արձագանքել «Շիրակ կենտրոնի»` գյումրեցի անօթեւան եւ սոցիալապես ծանր պայմաններում ապրող ընտանիքների մասին պատմող տեսանյութերին: Մեր կողմից պատրաստած եւ տարածած գրեթե բոլոր հաղորդագրությունները թարգմանվում են օտար լեզուներով եւ տեսանյութերի հետ միասին հրապարակվում են ինչպես հայաստանյան, այնպես էլ այլ երկրների բազմաթիվ էլեկտրոնային պարբերականներում: Նախորդ ամիս «Գյումրեցի աղքատ եւ ծնողազուրկ երեխային փորձել են գնել 7000 դոլարով» (http://shirakcentre.org/hy/news/11528-shirak-centre-ngo), խորագիրը կրող տեսանյութի հրապարակումից անմիջապես հետո, տեսանյութում հնչած փաստերի ուսումնասիրության նպատակով «Շիրակ կենտրոն» այցելեցին անգամ Գյումրու ոստիկանության աշխատակիցները: Տեսանյութում ներկայացված փոքրիկ Ալենին, ով մնացել է խոնավ եւ խարխուլ տանը ապրող տատ ու պապի խնամքին, ՀԱԵ Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կողմից տրամադրվեց հագուստեղեն, կոշիկներ, խաղալիքներ, սնունդ, ինչպես նաեւ Լոնդոնում բնակվող Գարիկ Բարսեղյանի ֆինանսական օժանդակությամբ գնված ձմռան վառելափայտը: Իսկ Շիրակի մարզի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը մեզ տեղեկացրեց, որ իրենք արագ կարգով լուծում են տվել փոքրիկ երեխայի խնամակալության հարցին եւ նրանց նշանակվել է սոցիալական նպաստ: Հաջորդ առավել մեծ արձագանք ստացած «Գյումրեցի երիտասարդ կնոջ դին Թուրքիայից տեղափոխել չեն կարողացել» (http://shirakcentre.org/hy/news/14053-shirak-centre-ngo) խորագիրը կրող տեսանյութն է: Աննախադեպ արձագանք ունեցավ նաեւ օրերս հրապարակված «Գյումրեցի աղքատ ընտանիքի երեխաներն աղերսում են իրենց մանկատուն չտանել» (http://shirakcentre.org/hy/news/14888-shirak-centre-ngo) տեսանյութը, որի հրապարակումից հետո բազմաթիվ գործարարներ իրենց աջակցությունը ցուցաբերեցին այս ընտանիքին, իսկ միջազգային մի կազմակերպության կողմից այդ տեսանյութում ներկայացված 5 անչափահաս երեխաներով Գյումրու բազմահարկերից մեկի ձեղնահարկում ապրող միայնակ մոր ընտանիքին եւս նշանակվեց ամենամսյա դրամական օժանդակություն: Երեւանաբնակ գործարարի կողմից տրամադրվել է սնունդ եւ կենցաղային իրեր: Այս ընտանիքին ֆինանսական աջակցություն ցուցաբերվեց անգամ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից, ինչպես նաեւ մեր ունեցած տեղեկետությունների համաձայն ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից միջնորդագիր է հղվել Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ձեղնահարկը տեսանյութում ներկայացված ընտանիքին տրամադրելու համար: Վերջում ավելացնենք, որ ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանը շարունակում է երկարաժամկետ օգնության տրամադրումը մեր բոլոր տեսանյութերում ներակայացվող ընտանիքներին: «Շիրակ կենտրոնը» իր երախտագիտությունն է հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են Գյումրիում ծայրահեղ ծանր պայմաններում բնակվող ընտանիքների մասին պատմող տեսանյութերին:
Նոյյան տապան  -   Բարեգործություն