Մարտի 18-ին դատարանում կհարցաքննվի շոումեն Վլադիսլավ Մանգասարյանը


Մարտի 18-ին դատարանում կհարցաքննվի շոումեն Վլադիսլավ Մանգասարյանը

  • 15-03-2013 11:04:20   | ԱՄՆ  |  Իրավունք

 

Երկուշաբթի օրը` 2013 թվականի մարտի 18-ին Երևանի Կենտրոնի դատարանում կշարունակվի Մաշտոցի 33/1 շենքում բնակարանի համար վճարած, սակայն բնակարանը չստացած, խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատաքննությունը, որով դատարանում պետք է հարցաքննվի քաղաքացու բնակարանը այլ անձի տված Վլադիսլավ Մանգասարյանը: Նույն անձն, ում ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը տարիներ շարունակ մեղադրում է իր հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերությունը սնանկացնելու և գումարները յուրացնելու մեջ:
Թե ինչ դերակատարում է ունեցել Լուսինե Գյուլխասյանի բնակարանի թալանի գործում հենց Վլադիսլավ Մանգասարյանը, մարտի 7-ի դատական նիստում բավական մանրամասն ներկայացրեցին տուժող Լուսինե Գյուլխասյանն ու նրա հայրը` գործով վկա Գևորգ Գյուլխասյանը:
Կոնկրետ Վլադիսլավ Մանգասարյանի մասով տուժող Լուսինե Գյուլխասյանը նախորդ դատին նշեց հետևյալը. <<2009-10 թվականներին բնակարանի սեփականության վկայականը ստանալու վերաբերյալ հարցադրումներ արել ենք ինչպես Վլադիսլավ Մանգասարյանին, այնպես էլ Էդուարդ Եսայանին, բայց անընդհատ այսօր-վաղն էին անում: 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Վլադն ինձ կանչեց նոտար` բնակարան ստանալու, մեկ ու կես ժամ սպասեցի, նա չեկավ, զանգեցի, չպատասխանեց: Նոտար չգալուց հետո սկսեցի կասկածել: Վլադի հետ ի վերջո խոսեցի, ասաց թե` մի քիչ խնդիրներ կան, պետք է համբերեմ>>:
Տուժողը պատմեց, որ 2010 թվականի սեպտեմբերից մինչև նոյեմբերի վերջ իր հոր հետ  պարբերաբար զանգել են թե’ Վլ.Մանգասարյանին, թե’ ընկերության մյուս սեփականատեր Ղևոնդ Ղալումյանին` պարզաբանում ստանալու համար, թե երբ են վկայական ստանալու. <<Վլադ Մանգասարյանը մեր զանգերի ընթացքում ասում էր, թե <<տունը իմ եղբոր անունով է, հանգիստ եղեք, խնդիր չկա, ուղղակի մի քիչ կձգվի>>:
Սակայն 2010թ. նոյեմբեր ամսին Գյուլխասյանի գրասենյակ է գալիս մի մարդ և ներկայանում որպես Արմեն Գալստյան և հայտնում բնակարանի տերն ինքն է:
<<Վլադը քողարկում էր և ձգձգում իրական վիճակի բացահայտումը: Ի միջիայլոց. բոլոր մարմիններում Վլադը շատ դրական մարդու կերպար է ընդունում, նույնն էլ այդտեղ, թե Լուսինե ջան, դա քո բնակարանն է, դու կստանաս: Բայց այդ օրն արդեն, երբ Վլադն այդ ամենն ասում էր, նա արդեն իր եղբոր միջոցով այդ բնակարանի հետքը կորցնելու համար վաճառել էր մեկ այլ մարդու, սրանից նրան, ի վերջո Արմեն Գալստյանին: Երբ Լուսինեն այդ ժամանակ ասաց, թե գող, ավազակ ինչու ես բնակարանս վաճառել, նա էլ թե` Լուսինե ջան, չեմ վաճառել, պարտքերի դիմաց գրավ եմ դրել>>,- իր ցուցմունքում պատմեց Գևորգ Գյուլխասյանը:  
Գևորգ Գյուլխասյանը վրդովված դատարանում անգամ հետևյալ հայտարարությունն արեց. <<Սրանք բոլորը մի խումբ են` Վլադիսլավ Մանգասարյանը, Արմեն Գալստյանը, Վլադի եղբայր Ռուբեն Մանգասարյանը, Էդիկ Եսայանը, սա փոքր, դեռ չհասունացած, կիսամաֆիոզային տիպի ընկերություն է>>:
Ըստ տուժողի և վկայի ցուցմունքների, տեղի ունեցածն իրականում խարդախություն է, որի  կազմակերպչին ու մյուս հանցակիցներին մեղադրանք չի առաջադրվել:
Հետաքրքիր է, թե իր դեմ ներկայացված այսքան հիմնավոր փաստերի դեմ ինչ պարզաբանում է տալու հենց ինքը` Վլադիսլավ Մանգասարյանը:
Ի դեպ <<Հետք>>-ին տված 30.01.2013թ. հարցազրույցի ժամանակ /տեսագրության 44:38 րոպեից սկսած/ Մանգասարյանն անդրադարձել է Գյուլխասյանի գործին և առաջադրված մեղադրանքի մասին հեգնանքով նշել, որ քննիչը սխալ ուղղությամբ է գործը քննել ու մեղադրանք առաջադրել. <<գողություն է տեղի ունեցել, 2 րոպեում կպաշտպանեմ ու Եսայանը չոր դուրս կգա>>:
Չի բացառվում, որ երկուշաբթի օրը դատարանում Վլադիսլավ Մանգասարյանը անձամբ որպես զոհ ներկայանա և <<բարերարի>> դեմքով հերթական անգամ տուժողին իր <<օգնությունն>> առաջարկի:
 
Ի գիտություն հենց Վլադիսլավ Մանգասարյանի` իր դեմ եղած բոլոր մնացած փաստերից առանձնացնենք կարևորը, տեսնենք, թե ինչպես կպարզաբանի նա դատարանում: Մասնավորապես այն հանգամանքը, որ քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը այլ անձի` իր եղբայր Ռուբեն Մանգասարյանին օտարելու գործարքի թույլտվությունն ու հրահանգը, 18.06.2010թ. գրավի պայմանագրով ունեցած իրավունքով, տվել է հենց ինքը` «Արին կապիտալ» ներդրումային ընկերության տարածքների գրավառու «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի փաստացի սեփականատեր և միևնույն ժամանակ «Արին կապիտալ» ներդրումային ընկերության փաստացի ղեկավար Վլադիսլավ Մանգասարյանը:  Այս մասին դատարանում մի շատ ուշագրավ  հայտարարություն կատարեց նաև տուժողի հայր, վկա Գևորգ Գյուլխասյանը. << «Արին կապիտալ» ներդրումային ընկերության կնիքն էլ է Վլադի մոտ եղել`նրա սեյֆում: Իմ աչքով եմ տեսել>>,- ասաց նա:
 
Հարգանքներով` Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play