Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ եւ հստակ


Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ եւ հստակ

  • 22-02-2011 15:16:40   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայրաքաղաքում կառուցապատողները պետք է պահպանեն շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերը: Պահանջը խիստ է եւ հստակ. կառուցապատողը պարտավոր է շինարարությանը հարող տարածքում քաղաքացիների համար հարմար ու անվտանգ անցուդարձ ապահովել: Այս խնդիրը առաջադրվել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի կողմից հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում. <<Անհրաժեշտ է գույքագրում կատարել հասկանալու համար, թե քանի կառուցապատող է խախտել սահմանված ժամկետները: Այս կերպ հնարավոր կլինի արդյունավետ կառավարել այս դաշտը: Կառուցապատման պայմանագրերը պետք է լինեն շատ կոշտ եւ հստակ: Կառուցապատողներից պետք է պահանջել շինարարական նորմերի պահպանում, որպեսզի Երեւանի ու երեւանցիների համար անհարմարություններ չստեղծեն>>,- շեշտել է քաղաքապետը: Շրջակա տարածքների բարեկարգման ու կանաչապատման հարցում պահանջը հստակ է նաեւ սպասարկման օբյեկտների եւ ստորգետնյա անցումներում առեւտրային գործունեություն իրականացնողների համար: Տնտեսվարողները պարտավոր են պահպանել պայմանագրային պարտավորությունները, բարեկարգել, մաքրել ու կանաչապատել վարձակալած տարածքների հարակից հատվածները. <<Այգիներում, պուրակներում, կանաչ գոտիներում եւ ստորգետնյա անցումներում վարձակալության պայմանագրերում շրջակա տարածքի բարեկարգումը պարտադիր պայման է: Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվում է խստորեն հետեւել այդ նորմերի պահպանման պարտավորության ապահովմանը>>,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Մայրաքաղաքի սանմաքրման արդյունավետ կազմակերպման առումով հանձնարարվել է իրատեսական վերլուծություն ներկայացնել գանձվող վարձավճարների պատկերը հստակեցնելու համար: Քաղաքապետն ընդգծել է, որ հավաքագրման եւ գումարների ճիշտ տեղաբաշխման արդյունքում էականորեն կարելի է փոխել աղբահանության կազմակերպման վիճակը: Քաղաքապետարանի ենթակայության ՓԲԸ-ներին եւ առեւտրային կազմակերպություններին էլ հանձնարարվել է ներկայացնել ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրերը: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play