Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը


Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը

  • 11-06-2013 13:50:13   | Հայաստան  |  Հասարակություն

Հունիսի 14-ին Երևանում կմեկնարկի դեղագործության մրցունակության 5-րդ միջազգային համաժողովը, որը տեղի կունենա Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: Համաժողովը դեղագործության ոլորտի մասնավոր և հանրային շահառուներին Հայաստանի վերջին դեղագործական ձեռբերումներին ծանոթանալու, ընդհանուր խնդիրներ և նոր նախագծեր քննարկելու, ինչպես նաև համագործակության հնարավորություններ ուսումնասիրելու արդյունավետ հարթակ է տրամադրում:
 
Համաժողովը բաղկացած է երկու նիստերից։ «Դեղագործության ոլորտի ձեռքբերումները Հայաստանում» թեմայով նիստի ընթացքում կներկայացվեն Հայաստանի դեղագործության ոլորտի վերջին ձեռքբերումները, նոր զարգացումները, ընթացիկ բարեփոխումներն ու զարգացման ռազմավարությունները։ Համաժողովի երկրորդ մասը նվիրված է «Համաշխարհային դեղագործության լավագույն ձեռքբերումները» թեմային։ Այս նիստի ընթացքում օտարերկրյա դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները կներկայացնեն իրենց ընկերությունները, նոր ձեռբերումները, արտադրանքները, ինչպես նաև տեխնոլոգիաները և գիտական հայտնագործություններն ու դեղագործության ոլորտում նորարարական մոտեցումները։
 
Համաժողովին զուգահեռ կանցկացվի դեղագործության ամենամյա «Ֆարմա Արմենիա ԷՔՍՊՈ» ցուցահանդեսը։ Այն բացառիկ հնարավորություն է տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների և նրանց ներկայացուցիչների համար՝ ներկայացնելու իրենց արտադրանքը և վերջին ձեռքբերումները։
 
Համաժողովը կազմակերպում է Հայաստանի դեղ արտադրողների և ներմուծողների միությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ ։ Համաժողովին նաև աջակցում են ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Զարգացման հայկական գործակալությունը և Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը։ Համաժողովը ուղիղ եթերում կհեռարձակվի միջոցառման պաշտոնական կայքում՝ www.pharma-armenia.am։
 
Ելույթ կունենան` համաժողովի ընթացքում ելույթով հանդես կգան ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Քարեն Հիլիարդը:
 
Միջոցառմանը կմասնակցեն ավելի քան 500 բժիշկներ, դեղատնային ցանցերի, տեղական և օտարերկրյա դեղագործական ընկերությունների աշխատակիցներ, գիտնականներ և փորձագետներ։
 
Վայրը` Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան, նիստերի դահլիճ (Երևան, Կորյունի 2)
 
Ամսաթիվը` հունիսի 14, ժ. 10:00
 
 
 
Հայաստանի Դեղ արտադրողների և ներմուծողների միությունը (ԴԱՆ Միություն) հիմնադրվել է 2003թ. և միավորում է Հայաստանի դեղագործության ոլորտի 22 առաջատար ընկերություններին։ Միության առաքելությունն է՝ տեղական ընկերություններին ինտեգրել միջազգային դեղագործական շուկա, իրականացնել աշխատելաոճի կայուն բարելավում և ապահովել ոլորտի ներկայացուցիչների համար արդար և հավասար մրցակցային պայմաններ։ Միությունը ջանքեր է գործադրում անվտանգ դեղերի հասանելություն ապահովելու ուղղությամբ, կազմակերպում է դասընթացներ դեղագործների, տեղական և օտարերկրյա արտադրողների համար, ինչպես նաև աջակցում է պետական մարմիններին համապատասխան նորմեր մշակելու և վերանայելու հարցերում։
 
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» («Ի-Դի-Էմ-Սի») հնգամյա ծրագիրն ուղղված է Հայաստանում բիզնես միջավայրի և փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը: Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանում զբաղվածության և եկամուտների մակարդակը` խթանելով արտահանման ներուժ ունեցող արժեքի շղթաների (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն/բիոտեխնոլոգիաներ, պտուղ-բանջարեղենի վերամշակում և զբոսաշրջություն) զարգացումը:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play