Արցախի եվրոպական շարժումը երախտագիտություն է հայտնել
Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ Դենի Բադրեին
01-02-2011 15:38:00 | Հայաստան | Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 27-ին
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում
ընդունվել է գրավոր հայտարարություն «Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության կառուցման
մասին», որը ստորագրել են տարբեր երկրների 30 պատվիրակներ, այդ
թվում ֆրանսիացի սենատոր, Ֆրանսիայի եվրոպական շարժման փոխնախագահ
Դենի Բադրեն:
Արցախի եվրոպական շարժումը, կազմակերպության ղեկավար Հայկ
Խանումյանի ստորագրությամբ, շնորհակալական նամակ է հղել Դ.Բադրեին:
Նամակում, մասնավորապես, նշվում է.
«Պարոն սենատոր, մենք ուրախացանք` տեսնելով Ձեր
ստորագրությունը ԵԽԽՎ-ի 2011թ. հունվարի 27-ի թիվ 470 «Լեռնային
Ղարաբաղի Հանրապետության կողմից ժողովրդավարական պետության
կառուցման մասին» գրավոր հռչակագրի տակ: Այսօրվա Եվրոպան կառուցվել
է նաեւ ազգերի ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա: Մեզ
ուրախացնում է այն փաստը, որ Դուք նաեւ Ֆրանսիայի եվրոպական
շարժման փոխնախագահն եք, եւ որ մենք կիսում ենք նույն արժեքները եւ
նույն գործունեությունը»: