Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը
22-01-2014 11:47:21 | Նիդեռլանդներ | Սպորտ
Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող «Տատա Սթիլ» փառատոնի գլխավոր մրցաշարի ութերորդ տուրում մրցաշարի առաջատար Լևոն Արոնյանը երեկ սևերով ոչ-ոքի խաղաց հյուրընկալող երկրի ներկայացուցիչ Անիշ Գիրիի հետ, ով մինչ այդ աղյուսակի երկրորդ հորիզոնականում էր։
Այս տուրից հետո հայաստանցի գրոսմայստերը 6 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ կես միավորով գերազանցելով 2-րդ տեղը զբաղեցնող ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի ցուցանիշը։
Հունվարի 10-ին մեկնարկած և մինչև հունվարի 26-ը շարունակվելիք հեղինակավոր մրցաշարին մասնակցում են 12 գրոսմայստերներ աշխարհի 11 երկրներից։ Վերջին երեք տուրերում Արոնյանը կհանդիպի Կարյակինի, կուբացի Լեյնիե Դոմինգեսի և նիդերլանդացի Լոեք Վա Վելիի հետ, ընդ որում՝ սևերով կխաղա միայն Դոմինգեսի հետ,-հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: