Նոր աշխատատեղեր՝ Երևանում, Վանաձորում և Ամասիայում


Նոր աշխատատեղեր՝ Երևանում, Վանաձորում և Ամասիայում

  • 23-01-2014 14:32:10   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ կառավարությունը թույլատրել է «Գոլդեն ֆիլդ» ՍՊԸ կողմից Հայաստան ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2014թ. հուլիս ամիսը: Ընկերությունը 2007 թվականից սկսած զբաղվում է ավտոմեքենաների բարձր ճնշման գազի բալոնների արտադրությամբ: Ձեռնարկությունում աշխատում է 150 մարդ, արտադրանքի շուրջ 70 տոկոսն արտահանվում է: 2013 թվականին «Գոլդեն ֆիլդը» կնքել է արտահանման երեք խոշոր պայմանագիր, ինչը հնարավորություն կտա արտահանել արտադրված բալոնների ամբողջ քանակությունը:
Հաջորդ որոշմամբ մինչև 2015թ. սեպտեմբեր «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի երկարաձգման թույլտվություն է ստացել «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ-ն, որը, համագործակցելով մի շարք արտասահմանյան կազմակերպությունների հետ, վերջիններիս կարի ծառայություններ է մատուցում և այդ նպատակով արտադրություններ է հիմնել Երևանում, Վանաձորում, Ամասիայում: Անհրաժեշտ մեքենասարքավորումները ժամանակավոր օգտագործման նպատակով ներմուծվել են արտերկրից: Երկարաձգելով դրանց օգտագործման մաքսային ռեժիմի ժամկետը և ապահովելով աշխատանքի նպաստավոր պայմաններ, որոշման կատարմամբ հնարավորություն է ստեղծվում բացել նոր աշխատատեղեր, ավելացնել արտահանվող ապրանքների ֆիզիկական ծավալը:
 
 
Հստակեցվում են կենսաթոշակի վճարման մի շարք դրույթներ
 
 
Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք թելադրված են «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի դրույթներից: Որոշմամբ հստակեցվում են միաժամանակ մի քանի պետական կենսաթոշակի իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը, կենսաթոշակն անկանխիկ եղանակով, ինչպես նաև լիազորագրով վճարելու, կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակը վերահաշվարկելու կարգերը և այլն:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը առողջապահության ոլորտի միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրման միջոցառումների կատարման փաստացի ժամկետը համապատասխանեցրել է իրավական ակտով նախատեսված ժամկետին և սահմանել մեկ իրավական ակտով համակարգի ներդրման միասնական ժամանակացույցը:
Հիմք ընդունելով Վայոց ձորի մարզի բժշկական հաստատությունների գործունեության հիմնական ցուցանիշները, որոնց համաձայն Եղեգնաձորի, Վայքի, մասամբ նաև Ջերմուկի բոլոր բաժանմունքները կրկնվում են և աշխատում խիստ ցածր ծանրաբեռնվածությամբ և արդյունավետությամբ, կառավարությունն իր որոշմամբ «Եղեգնաձորի ԲԿ» ՓԲԸ արտահիվանդանոցային ծառայությունը կենտրոնացրել է հիվանդանոցային մասնաշենքի տարածքում` ազատելով պոլիկլինիկայի մասնաշենքը, ինֆեկցիոն ծառայությունը նույն ՓԲԸ-ից տեղափոխել «Վայքի ԲՄ» ՓԲԸ: Որոշման նպատակն է դյուրացնել երկրի առողջապահական համակարգի արդիականացման ծրագրի իրականացումը, մեծացնել օպտիմալացման միջոցառումների արդյունավետությունը:
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, կառավարության որոշմամբ «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ Դիլիջան քաղաքի Սայաթ Նովայի 7 հասցեում գտնվող անշարժ գույքը, որի նվազագույն գինը մոտ 70 մլն դրամ է, ուղղակի վաճառքի ձևով օտարվել է «Իռ-Վինգ» ՍՊԸ-ին: Գնորդը պարտավորվում է հինգ տարվա ընթացքում կատարել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում: Նախատեսվում է գույքն օգտագործել որպես բժշկական կենտրոն:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play