Բաթումիի ծովային նավահանգիստը հայկական հաճախորդներին կտրամադրի համագործակցության հարմար պայմաններ. Իլյա Ցիվաձե


Բաթումիի ծովային նավահանգիստը հայկական հաճախորդներին կտրամադրի համագործակցության հարմար պայմաններ. Իլյա Ցիվաձե

  • 26-05-2014 13:07:23   | Վրաստան  |  Տնտեսություն

“Հարավկովկասյան երկաթուղի” ՓԲԸ, մի շարք հայկական բեռնափոխադրող ընկերությունների և Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչները մայիսի 23-ին քննարկեցին համագործակցության ընդլայնման և Բաթումիի ծովային նավահանգստից Հայաստան փոխադրվող բեռների ծավալների աճի հեռանկարները:
Խորհրդակցությանը մասնակցել են մասնավորապես Ապավեն, Վեսթտրանս, Թրանս Լոջիսթիկ Քոքսիս, Մեթեքսիմ, Մոբտրանս բեռնափոխադրող ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները: 
Համագործակցության և լոգիստիկայի գծով “ՀԿԵ” ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Օլեգ Շատալովը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրեց Ընկերության պատմությունն ու գործունեության հիմնական ուղղությունները՝ հիշեցնելով, որ Հայաստանում աշխատելու տարիներին ՀԿԵ-ն մոտ 230 մլն դոլարի ներդրումներ է կատարել երկաթուղային տրանսպորտի զարգացման համար: 
Ինչպես նշեց Օլեգ Շատալովը, այս տարների ընթացքում գնացքների բեռնվածությունն աճել է մինչև 1,9 հազ տոննա, իսկ ընկերության փոխադրումների մասնաբաժինը Հայաստանի բեռնաշրջանառությունում հասել է 34%:
- Դա բավականին հաջող արդյունք է, - արձանագրեց նա: 
Գլխավոր տնօրենի տեղակալն ընդգծեց, որ 2011 թվականին Ընկերությունում ստղծվել է Տրանսպորտային ծառայությունների կենտրոնը, որն աշխատում է մեկ պատուհանի սկզբունքով և ակտիվ կիրառում է ժամանակակից IT տեխնոլոգիաներ: Կենտրոնը հաճախորդներին ծառայությունների լայն շրջանակ է մատուցում, օրինակ՝  բեռնափոխադրումներ Հայաստանում, միջազգային բեռնափոխադրումներ, բեռնափոխադրումների լոգիստիկ սխեմայի մշակում, ապահովագրական և բանկային ծառայություններ: 
Միևնույն ժամանակ Օլեգ Շատալովը հիշեցրեց, որ ՀԿԵ-ի բեռնափոխադրումները մեծ հեռանկարներ են ստանում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման պարագայում: Ինչպես նշեց ՀԿԵ գլխավոր տնօրենի տեղակալը, նոր երկաթուղին, որի կառուցումը նախատեսվում է ավարտել 2022 թվականին, թույլ է տալու 2 անգամ կրճատել ճանապարհը մինչև եվրոպական շուկաներ: 
Բաթումիի ծովային նավահանգստի ներկայացուցիչներ՝ տնօրենի տեղակալ Իլյա Ցիվաձեն և արտաքին կապերի պատասխանատու Ռամազ Գիորգաձեն ներկաներին ծանոթացրել են նավահանգստի հնարավորությունների, բեռնաշրջանառությունների ավելացման հեռանկարների հետ, ընդգծելով, որ նավահնգիստը հայկական հաճախորդներին պատրաստ է տրամադրել համագործակցության հարմար պայմաններ: 
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100% դուստր ընկերություն և իրականացնում է «Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play