Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին


Կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծին

  • 02-10-2014 12:54:56   | Հայաստան  |  Տնտեսություն









Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագծին և, ինչպես սահմանում է փաստաթղթի 1-ին հոդվածը, սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Նույն պահից ԵՏՄ մարմինների ակտերը ենթակա են կիրառման ՀՀ տարածքում: Պայմանագրի 1-ից 5-րդ հավելվածներով սահմանվում են միջազգային այն 29 պայմանագրերի ցանկը, որոնց միանալու է Հայաստանը, այդ պայմանագրերի փոփոխությունները, անդամակցության պայմանները և անցումային դրույթները, ցանկն այն ապրանքների և դրույքաչափերի, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվում են ԵՏՄ Միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր և այլն:


Անօթևան ընտանիքներին կտրամադրվեն բնակարանի գնման վկայագրեր


ՀՀ կառավարությունը Գյումրի քաղաքում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով լուծելու նպատակով Շիրակի մարզպետարանին է հատկացրել 1.5 մլրդ դրամ: Սա ծրագրի առաջին փուլն է, որով վկայագիր կհանձնվի 215 ընտանիքի: Եվս 252 ընտանիք բնակարանի գնման վկայագիր կստանա ծրագրի իրականացման երկրորդ փուլում: Գործընթացի պատասխանատու է ճանաչվել Շիրակի մարզպետը:
ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության, ՀՀ ԿԱ ոստիկանության, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ պետական պահպանության ծառայության, ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողների և ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակիցների բնակարանային պայմանների բարելավման նպատակով գնման ձևով բնակարանի ձեռքբերման համար հատկացվել է մոտ 755 մլն դրամ:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և Պաշտպանության նախարարության շինարարական ծրագրերի փոփոխության և խնայողության հաշվին հատկացրել մոտ 67 մլն դրամ, որով ավարտին կհասցվի Ագարակում և Մեհրաբում կառուցվող ծառայողական բնակելի շենքերի, ինչպես նաև Արարատում վերակառուցվող հանրակացարանի շինարարությունը:
Փոփոխություն և լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը սահմանել է զինծառայողների չօգտագործած արձակուրդի օրերի դիմաց վճարվող փոխհատուցման չափի հաշվարկման կարգը, ինչպես նաև միանվագ դրամական օգնության տրամադրման անհրաժեշտ պայմանները:
Գործադիրը սահմանել է պարտադիր զինծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների և ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովության կարգը և չափերը:
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2014թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում՝ իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և մասնագիտական ուսուցման կազմակերպման նպատակով ուսուցման ամբողջ ժամանակահատվածի ընթացքում գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող՝ աշխատանք փնտրող անձանց կրթաթոշակի տրամադրման համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է մոտ 27.5 մլն դրամ: Կրթաթոշակը պետք է վճարի զբաղվածության պետական գործակալության տարածքային կենտրոնը: 
Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, շնորհալի, տաղանդավոր երեխաների, երիտասարդների, սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքների, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների, միակողմանի, երկկողմանի ծնողազուրկ, բազմազավակ ընտանիքների 100 երեխաների օժանդակելու նպատակով կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվել է ավելի քան 20 մլն դրամ:


 

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play