Արցախի Հանրապետության Նախագահի հանդիպումները Ֆրեզնո քաղաքում


Արցախի Հանրապետության Նախագահի հանդիպումները Ֆրեզնո քաղաքում

  • 25-11-2014 17:14:35   | ԱՄՆ  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին այցելել է Կալիֆորնիայի նահանգի Ֆրեզնո քաղաք:
Նախագահը ծաղկեպսակներ է դրել քաղաքում կառուցվող 1915 թվականի Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի հուշարձանին եւ հայ ազգային-ազատագրական շարժման նշանավոր գործիչ Սողոմոն Թեհլերյանի շիրիմին:
Նույն օրը Նախագահն այցելել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն եւ հանդիպել պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանի ու տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Նախագահն անդրադարձել է նաեւ ԼՂՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ տարածաշրջանային գործընթացներին, ինչպես նաեւ պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Ֆրեզնոյի հայ համայնքի ներդրումն Արցախին սատարելու գործում եւ հավելել, որ Ֆրեզնոն, լինելով կարեւորագույն հայ գաղթօջախներից մեկը, շոշափելի դերակատարություն ունի Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման մեջ:
Նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play