Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկերի վճարված տոկոսագումարների վերադարձման կարգը


Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկերի վճարված տոկոսագումարների վերադարձման կարգը

  • 19-02-2015 15:24:02   | Հայաստան  |  Տնտեսություն





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետն ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանում դարձել է գիրք նվիրելու օր: Հովիկ Աբրահամյանը նիստի մասնակիցներին նվիրել է Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպը և կարևոր համարել, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին նրանք ժամանակ գտնեն և ընթերցեն այն: 
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ մշակույթի նախարարության Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին ամրացված իննսունինը թանգարանային առարկաները հետ վերցնել և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով ամրացնել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին: Խոսքը վերաբերում է պոլսահայ բանասեր, գրող Թորոս Ազատյանի հավաքածուի օսմաներեն, թուրքերեն, պարսկերեն և արաբերեն մի շարք ձեռագրերին, ինչպես նաև հայ միջնադարյան բժշկագիտությանն առնչվող 18-19-րդ դարերում կատարված ընդօրինակություններին և ձեռագիր բառարաններին, որոնք տարիներ շարունակ դուրս են մնացել գիտական շրջանառությունից: Հավաքածուի մի մասը վատ վիճակում է և անհապաղ վերականգնման կարիք ունի, ինչը կարելի է անել միջնադարյան ձեռագրերի պահպանության և վերականգնման լիարժեք պայմաններ ունեցող Մատենադարանում: Ավելի վաղ Թորոս Ազատյանի հավաքածուի հայկական ձեռագրերը փոխանցվել են Մատենադարան, որտեղ հնարավոր է ցուցանմուշների պատշաճ պահպանությունը, ուսումնասիրությունն ու հանրահռչակումը:
 

 Կվերադարձվեն հիպոթեքային վարկերի վճարված տոկոսագումարները
 

Կառավարությունը հաստատել է հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով վարձու աշխատողների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից վճարված եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը: Վարչապետի դիտարկմամբ, այս խնդիրը բազմիցս քննարկվել է, և ընդունված որոշումը լուրջ քայլ է: Նրա խոսքով՝ կառավարությունը նաև բեռ է վերցնում բյուջեի վրա և նպաստում, որպեսզի քաղաքացիները կարողանան օգտվել հիպոթեքից և ձեռք բերել բնակարան:
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով սահմանել է, որ դրամի և ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի 5 տոկոս և ավելի աճելու (հայկական դրամի արժեզրկման) դեպքում ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը վերանայվելու է, այսինքն՝ հարկերը հաշվարկվելու են ըստ նոր գների: Մեկ այլ որոշման փոփոխությամբ կրեդիտորական պարտքը կետանցված դառնալու 366-րդ օրվանից համարվում է անհուսալի, բացառությամբ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերի: Գործադիրը որոշել է ՀՀ 2015թ. պետբյուջեով «Ավելացված արժեքի վերադարձ» ծախսային ծրագրի գծով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժի միջոցով 4.57 մլրդ դրամ ս.թ. չորրորդ եռամսյակից տեղաշարժել ս.թ. առաջին եռամսյակ (անփոփոխ թողնելով այդ ծրագրի գծով հատկացումների տարեկան գումարը): Այսպիսով, կապահովվի առաջին եռամսյակում ԱԱՀ վերադարձը:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորել է վերը նշված որոշումները՝ շեշտելով, որ դրանք ընդունվել են հանգամանալից քննարկման արդյունքում:
Կառավարությունը սահմանել է, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի ռեեստրը վարող լիազոր մարմինը ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն է: Այն հարկային մարմնին տեղեկություն է տրամադրում էլեկտրոնային եղանակով, համապատասխան համակարգչային ցանցով, վեբ ծառայությունների միջոցով:
Կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» և հարակից ՀՀ օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:
Նախագծերով առաջարկվող կարգավորումները առնչվում են առևտրական առուվաճառքի գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների ձեռքբերումների փաստաթղթավորմանը: Փաթեթը քննարկվել է բավական երկար, խնդրի կարգավորման և հանգուցալուծման նպատակով կան մի քանի մոտեցումներ, այդ թվում նաև խորհրդարանական ուժերի կողմից: Անհրաժեշտ է քննարկել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների կողմից ներկայացված առաջարկությունները: Ըստ ՀՀ Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության մամլո հաղորդագրության, միայն դրանից հետո, համաձայն վարչապետի հանձնարարության, օրինագծերի փաթեթը պետք է անհետաձգելի համարել և ներկայացնել ՀՀ Ազգային ժողով:

Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play