Բռնաբարություն, թե՟ զրպարտություն


Բռնաբարություն, թե՟ զրպարտություն

  • 04-03-2015 20:52:39   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Հարցազրույց «Ներազգային Ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանի հետ:

 

Ամիսներ առաջ «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի մամուլի սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս կարծես թե մեր հասարակության համար շատ ցավալի թեմայով` ոմն Լ.Ս.-ն բռնաբարել է ոմն Հասմիկի /անունները փոխված էին էթիկայի կանոններից ելնելով/, և գործը փորձում են կոծկել: Տուժողը դիմել էր «Ներազգային Ազատագրական շարժման» ղեկավար Վահան Մարտիրոսյանին` հույս ունենալով, որ վերջինս, հասարակությունում ճանաչում ունենալով և մինչ այդ «Գազպրոմ Արմենիա»-ի դեմ հայտնի գործընթացներում որոշակի հաջողությունների հասնելով, այս անգամ ևս կհասցնի գործը հաջող ավարտի` ասուլիսների և հարցազրույցների միջոցով դրան լայն հնչեղություն տալու և աղջկան կարեկցողների շրջանակները կտրուկ ավելացնելու հաշվին: Բայց ինչ-որ ժամանակ հետո գործի մասին այլևս ոչինչ չէր խոսվում:

Սակայն վերջին օրերի ընթացքում մամուլում նորից սկսեց շրջանառվել այդ թեման` արդեն այլ հարթության վրա: Ի՟նչ է իրականում տեղի ունեցել, ով է այս գործում տուժողը, և ինչ առնչություն ունի Ն.Ա.Շ. ղեկավարն այս ամենի հետ, «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնի թղթակիցը փորձեց պարզել Վահան Մարտիրոսյանից:

 

-         Պարոն Մարտիրոսյան, վերջերս մամուլում տարածվեց լրատվություն այն մասին, իբր ամիսներ առաջ ձեր կողմից վարած ասուլիսները ոմն Հասմիկի բռնաբարության գործով անհիմն էին և շինծու: Ի՟նչ կասեք այդ մասին:

-         Ես էլ եմ տեսել այդ նյութերը: Կասեմ հետևյանլը: Քանի որ չունեմ իրավաբանական կրթություն, ինքս անձամբ ծանոթ չեմ այդ գործի վարույթին, բացի նրանից, որ տուժողը 2 դատապաշտպան էր վարձել այս գործի համար, և վերջիններիս կողմից բազմիցս գործը տապալելուց և առհասարակ իրավաբանական հարթության վրա ֆիասկո ապրելուց հետո միայն դիմել էր ինձ մի հեռու ծանոթի միջոցով, գործը իրավաբանական հարթությունից հասարակական դաշտ տեղափոխելու խնդրանքով: Ինչ վերաբերվում է իմ կողմից շինծու ասուլիսներ և հարցազրույցներ տալուն, և առհասարակ այդ գործով զբաղվելուն, ասեմ, որ ընդունել եմ տուժողի ասածները և բերված փաստարկները, ժողովրդական լեզվով ասած, «հալած յուղի տեղ» և սկսել եմ զբաղվել այդ գործով, րոպե անգամ չկասկածելով, որ կարող ա ինձ մոլորության մեջ գցեն` քաջ գիտակցելով, թե ինչքան սուր ես կընդունեմ մեր համակարգի կողմից այնպիսի ծանր գործի կոծկումը, ինչպիսին է բռնաբարության փորձը:

 

-         Ինչո՟ւմ էին կայանում արդարության հասնելու ձեր ջանքերը: Ի՟նչ արվեց ձեզ դիմելուց հետո: Եվ ո՟րն էր ձեր դերը գործում ներգրավվելուց հետո:

-         Քանի որ գործը ԶԼՄ-ների ուշադրությունից դուրս էր մնացել, ես մի անգամից 10-ից ավելի լրատվամիջոցների հարցազրույցների և ասուլիսների միջոցով ներկայացրեցի գործը` բացահայտելով, որ փորձ է արվում հանցագործին արդարացնելու և առհասարակ հանցագործության փաստը կոծկելու: Իմ կողմից նաև բաց նամակ ուղարկվեց ՀՀ Գլխավոր դատախազ Գ.Կոստանյանին` գործը վերաբացելու պահանջով: Նամակի տակ իմ խնդրանքով ստորագրել էին 30 հայտնի հասարակական, քաղաքական և մշակույթի գործիչներ`  ընդ որում.  ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Երևանի Ավագանու անդամներ Անահիտ Բախշյանը և Ստյոպա Սաֆարյանը, ՀՀ Առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, Ռուբեն Հախվերդյանը, Լալա Մնացականյանը, Սերգեյ Դանիելյանը և այլ հարգարժան, ճանաչված մարդիկ: Նամակը հրապարակվեց իմ, Լարիսա Ալավերդյանի և երգահան Էդվարդ Զորիկյանի համատեղ ասուլիսի ժամանակ, որից անմիջապես հետո ես լրագրողների ուղեկցությամբ այն տարա և հանձնեցի ՀՀ Գլխավոր դատախազություն:

 

-         Եթե հաստատվեցին հրապարակված նյութերի հիմնավորումները, գործը փաստորեն կմտնի անելանելի փակուղու մեջ, ինչը կհարվածի ձեր հեղինակությանը: Ի՟նչ եք մտադիր անել այդ կապակցությամբ:

-         Ես խնդրել եմ իմ շարժմանն աջակցող իրավաբանին գործին ծանոթանալ, և եթե իրոք պարզվեց, որ վերջերս ի հայտ եկած և լրատվամիջոցների միջոցով տարածված փաստարկները ճշմարիտ են, ապա պարտքս եմ համարում ասուլիս հրավիրել և հրապարակավ ներողություն հայցնել ԶԼՄ-ներից, այն 30 մարդկանցից և բոլոր կառույցներից, որոնք փաստորեն իմ հետ մեկտեղ և ինչ որ տեղ իմ պատճառով ներքաշվել են այս գործի մեջ և մոլորության մեջ ընկել: Հակառակ դեպքում, դա այն լրատվամիջոցների խնդիրն է, ովքեր ապատեղեկատվություն են տարածել:

 

-         Շնորհակալություն:

-         Ձեզ նույնպես շնորհակալություն: Գործի ընթացքին և իրադարձությունների զարգացմանը մենք անպայման տեղյակ կպահենք թե ձեզ և թե այն ԶԼՄ-ներին, ում ուշադրությունից չի վրիպել այս ամենը:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play